Լուրեր

Ազգակործան իշխանության խռխռոցն ու վախճանը. Արտակ Զաքարյան

08.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ազգակործան իշխանության խռխռոցն ու վախճանը

 

Նիկոլի գնալը ժամանակի հարց է, իսկ ժամանակն աշխատում է հոգուտ Հայաստանի: Եվ՜ հայ ժողովուրդը, և´ արտաքին աշխարհը հասկանում են, որ Նիկոլի լեգիտիմ իշխանությունն ավարտվել է և նրա հետ այլևս լուրջ հարցեր չի քննարկվում: Ակնհայտ է, որ այս օրերին որևէ նոր գործընթաց կամ ձեռքբերված պայմանավորվածություն լեգիտիմ չէ, և առաջիկայում փոխվելու են նոր իշխանությունների կողմից: 

Հայաստանն այսօր ապրում է անցումային փուլ: Փոխվում, վերածնվում է հայ ժողովրդի ոգին: Առաջ է գալիս հայրենիքի նկատմամբ պահանջատիրության ու ապազգային գործողությունների նկատմամբ անհանդուրժողականության նոր ալիք: Ավարտվում է նիկոլիզմով սրիկայաբար խաբված, մանիպուլացված ու կեղծիքով թունավորված հասարակության լինելու ժամանակահատվածը: Մինչ վերջերս հանգած հրաբուխ հիշեցնող հանրային տրամադրությունները` նոր հրաբխային ժայթքման են վերածվում: 

Ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժումը, բնական ճանապարհով խթանել է նաև նոր սերնդի ակտիվությանը: Հայրենասեր երիտասարդությունն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում հանրային տրամադրություն ձևավորելու գործը: Նրանք դառնում են հանրային կարծիք ձևավորողներ ու ապագայի նոր լիդերներ: Ժողովուրդն անտարբեր զանգվածից, քայլ առ քայլ վերածվում է ազգային ինքնություն և գիտակցություն ունեցող կուռ միասնության:

Նիկոլին և իր թայֆային վռնդելը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած պրոբլեմների լուծման ընդամենը սկիզբն է: Շատ դժվար բայց անհրաժեշտ աշխատանքը դեռ առջևում է, նիկոլին ու իր թայֆային վռնդելուց հետո: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների  հիմնական բանալին:

Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության փոխանցումը լինի արագ և անցնցում»:

← Վերադառնալ ցուցակին