Լուրեր
Մարգարիտ Եսայան. «Մեր երթի կանա՞յք են բանդիտներ, 44-օրյա պատերազմում զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների մայրե՞րն են բանդա»
07.05.2022

Այսօր կեսօրին Երեւանի փողոցներով Դիմադրության շարժման կանանց խաղաղ քայլերթի մասնակից կանանց շարքերում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե վերջին օրերին ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցները նրանց բանդիտական խմբերն են: «Իշխանական պատգամավորների որեւէ արտահայտություն մեկնաբանել իմ արժանապատվությունից ցածր եմ համարում: Բայց նաեւ չեմ կարող չհակադարձել, որովհետեւ իրենք անում են կեղծ, անբարո հայտարարություններ: Մեր երթի կանա՞յք են բանդիտներ, 44-օրյա պատերազմում զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների մայրե՞րն են բանդա: Իրական բանդաներն իրենք են, որ 2018 թվականին իրենց դըմփ-դըմփ-հուերով, դագաղներով, ծաղկեպսակներով, իրենց համասեռամոլների, աղանդավորների ջոկատ-բանդաներով եկան, իշխանությունը զավթեցին: Մենք հայ ժողովուրդն ենք: Ցանկացած խուլիգանական, գողական բանդա ժողովրդի դեմ է: Իսկ այստեղ հայ ժողովուրդն է, ու ժողովուրդն է իրենց դեմ: Այնպես որ, ճիշտ կանեն՝ սուս ու փուս հեռանան:
aravot.am