Լուրեր

Մարգարիտ Եսայան. «Այսօրվա երթում մենք՝ որպես հայ մայրեր, հայ կանայք մեր մերժման խոսքն ենք ասում այս իշխանությանը»

07.05.2022

Կանանց նախաձեռնությամբ այսօր Երեւանի փողոցներում դիմադրության պայքարին երթի էին ելել հայ մայրերը, կանայք՝ իրենց երեխաների հետ: Երթի մասնակից, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը ասաց. «Կանանց երթերը շատ կարեւոր են, եւ հույս ունեմ, որ նաեւ մեր երթերի արդյունքում մենք կհասնենք հաջողության ու իշխող վարչախումբը հրաժարական կտա: Նրանց վարած արտաքին քաղաքականությունը ակնհայտ վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանում իշխում է մի խումբ, որը սպասարկում է բացառապես ադրբեջանաթուրքական շահերը: Եվ դրա ապացույցները բազմաթիվ են:

Կոնկրետ այսօրվա երթում մայրեր են, կանայք՝ երեխաների հետ: Մենք եկել ենք որպես հայ մայրեր եւ մեր մերժման խոսքն ենք ասում այս իշխանությանը: Մենք շատ ակտիվ մասնակցում ենք նաեւ տղամարդկանց հանրահավաքներին ու երթերին: Հայոց պատմության մեջ կնոջ դերը, մոր դերը մեծ է եղել ինչպես եկեղեցու, ընտանիքի, օջախի, մեր հայկական ավանդույթների, այնպես էլ՝ հայրենիքի պահպանման գործում: Պատմության մեջ բազմաթիվ դրվագներ կան, երբ հայ կինը հայ տղամարդկանց հետ միասին զենքը ձեռքին պաշտպանել է հայրենիքը, հայրենիքի սահմանները: Մեր այսօրվա երթը այդ նպատակն ունի, որպեսզի իշխանությունը զավթած չակերտավոր տղամարդիկ ի վերջո հասկանան, որ իրենց գնալու ժամանակը վաղուց է եկել, եւ մենք մինչեւ վերջ կանգնելու ենք՝ պաշտպանելու Հայաստանը եւ Արցախը: Հակառակը կործանումն է հայի, հայկականության եւ հայրենիքի:

 

Խորհրդանշական է, որ մենք եկեղեցի ենք եկել, որովհետեւ համոզված ենք, որ Աստված միշտ արդարի կողմն է, եւ արդարը մենք ենք: Եկել ենք Աստծուն խնդրելու, որ օր առաջ այս իշխանությունը խելքը գլուխը հավաքի եւ խաղաղ ճանապարհով, առանց արյուն հեղելու հեռանա: Եթե մենք սրանց չհեռացնենք, վաղը ինքներս մեր եւ աշխարհի առաջ շատ ամոթալի եւ շատ ողբերգական վիճակի մեջ ենք ընկնելու: Ես ցավում եմ, որ մեր հանրության մեջ ոչ բոլորն են սա ընկալում: Կանանց այս երթը ահազանգ է, արթնանալու ղողանջ է, որպեսզի ի վերջո բոլորը հասկանան, որ սա Հայաստանի, Արցախի փրկության հարց է: Մենք ասում ենք՝ դուք գնացեք, որպեսզի հայն ունենա հայրենիք»:

Սուրբ Սարգիս եկեղեցում տեր Շահենի օրհնությունը ստանալուց եւ մոմ վառելուց հետո կանանց երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
 aravot.am

← Վերադառնալ ցուցակին