Լուրեր

«Արդեն պարզ է, չէ՞, Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը»»․ Տիգրան Աբրահամյանը՝ Ալիևի հայտարարության մասին

29.04.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի:

 
 
Վերջինս նշել է, որ որպես հիմք պետք է վերցնել պատմությունն ու այն քարտեզները, որոնք եղել է Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, սակայն չպետք է հիմնվել մեկ քարտեզի վրա:
 
Որպես օրինակ Ալիևն ընդգծել է, որ 1920 թվականի քարտեզով «Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել, իսկ Հայաստանը Իրանի հետ սահման չի ունեցել»:
 
 
Արդեն պարզ է, չէ՞, Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը»:
 
Բացի նրանից, որ Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը, որոշել է սեփական քաղաքականությունը կառուցել ընտրովի՝ տարբեր ժամանակների քարտեզներից վերցնել Ադրբեջանի համար առավելագույն ձեռնտու հանգամանքները, քարտեզների անորոշության մեջ վիճելի բոլոր հարցերը կարգավորել իր առավելապաշտական մոտեցումների և ուժի սպառնալիքի շրջանակներում:
 
Ի դեպ, այսօր կայացած Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպման ժամանակ, Արցախի նախագահը նշեց, որ արցախահայությունն ընդունում է «խաղաղության օրակարգ»-ը:
 
Միգուցե ես անուղղելի լավատես եմ, բայց հույս ունեմ, որ արցախահայության անունից հայտարարություն հնչեցնող Հարությունյանի՝ «խաղաղության օրակարգ»-ի մասին ձևակերպումները, Փաշինյանի ու Ալիևի պատկերացումների շրջանակներում չէ և հիմնված է Արցախի խորհրդարանի վերջին համատեղ հայտարարության, իսկ ավելի կոնկրետ այն մոտեցման վրա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

← Վերադառնալ ցուցակին