Լուրեր

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Не ту страну назвали Гондурасом» օպերացիան». Արմեն Աշոտյան

18.04.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Не ту страну назвали Гондурасом» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։

 
 
Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նիկոլի թվից 5 500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը, ապօրինի ճանապարհով օդերեւութաբանական զարգացումների մասին ներքին տեղեկություններ ստանալով «Աստված» կոչվող անհայտ աղբյուրից, առանց Սեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից սահմանված կարգով ձեւակերպված շինարարական թույլտվության իրականացրել է «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցի կառուցումը։
 
Ավելին, քաղաքացի Նոյ Ադամյանը խարդախությամբ ներ է քաշել եւ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում անազատության է մատնել մի շարք կենդանիների, այդ թվում՝ ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ հաշվառված կենսաբանական տեսակներից։
 
 
Իր ապօրինի գոծողությունների ընթացքում Նոյ Ադամյանը դրսեւորել է խտրական գենդերային մոտեցում՝ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը տրամադրելով միայն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներին։
 
Տվյալ ապօրինությունները ուղեկցվել են նաեւ հստակ կլանային քաղաքականությամբ, քանզի «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում տեղեր են հատկացվել բացառապես Նոյի ընտանիքի անդամներին եւ մերձավորներին։
 
Չունենալով նման փոխադրամիջոց վարելու վարորդական իրավունք՝ քաղաքացի Նոյ Ադամյանն անարգել նավարկել է Համաշխարհային օվկիանոսի ջրերում։
 
Այս արկածախնդրության ընթացքում, հանցավոր համաձայնության գալով ոմն «ագռավի» եւ «աղունի» հետ, նա որոշել է կայանել «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը Արարատ լեռան գագաթին, թեպետ արդեն այդ ժամանակ աշխարհում առկա էին շատ ավելի բարձր լեռներ, զորօրինակ՝ Էվերեստը եւ Քիլիմանջարոն։
 
Սակայն անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, քաղաքացի Նոյ Ադամյանը, իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը։
 
Գործով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցություն։
 
Հ.Գ. Միջոցներ են ձեռնարկվում «Աստված» մականունով աղբյուրը հայտնաբերելու եւ չեզոքացնելու ուղղությամբ»։

← Վերադառնալ ցուցակին