Լուրեր
Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները. Տիգրան Աբրահամյան
15.04.2022
Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դուք պատկերացնու՞մ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը», – ասաց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը նաև շեշտեց՝ չնայած ստեղծված անմխիթար իրավիճակին, արցախցին շարունակում է ամուր կպած մնալ իր արմատներին։
«Ես այսօր արցախցու մոտ տեսնում եմ կամք՝ մինչև վերջ գնալու, նաև 2020-ի իր վրեժը հանելու համար։ Եվ սրանց պատասխանը արցախցին դեռ տալու է, իսկ մենք ցանկացած իրավիճակում Արցախին սատարելու ենք, Արցախի հետ ենք լինելու, մինչև վերջին շունչը նխպաստելու, սատարելու ենք արցախցիների որոշմանը», – հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
henaran.am