Լուրեր
«Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին»
12.04.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը:
Արտգործնախարար Լավրովը մեկնաբանում էր այն, որպես արևմուտքի կողմից, Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը միայն ռուսական կողմի վրա թողնելու անպատասխանատու քայլ:
Կարծում եմ, որ Ջեյմս Ուոլրիքի հարցազրույցը պատահական չէր արված: Այն նպատակ ուներ հայ հասարակության մոտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ամերիկյան պատրաստակամության և որոշ մոտեցումների վերահաստատում իրականացնել: Մասնավորապես, նա նշում է, որ.
1. «Եթե տևական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն»: Սա ուղերձ է ՀՀ դավադիր «իշխանություններին», որ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելը և պահանջելը հարցի լուծման միակ բանալին է: Ասել է թե, եթե Արցախի կարգավիճակի հարց չի քննակվում, ապա կոնֆլիկտը խաղաղ ավարտ ունենալ չի կարող, և Ադրբեջանը վախի մթնոլորտ ստեղծելով՝ անընդհատ տարածքներ և տարբեր զիջումներ է պոկելու Հայաստանից:
2. Խոսելով կարգավիճակի մասին, ամերիկացի նախկին համանախագահը նշում է նաև, որ «Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի: Մշտապես կարիք է եղել, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի: Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել»:
Ուոլրիքը հաստատում է (ինչպես նաև ՌԴ նախկին համանախագահ Իգոր Պոպովը), որ նախկին իշխանությունները, բանակցային բոլոր փուլերում քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով իրացնելու և կարգավիճակը լուծելու հարցը:
3. Նա նաև նշում է, որ «…Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատև խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի»։
Սա նշանակում է, որ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարագավորուման հնարավորությունները դեռևս ավարտված չեն, և եթե Հայաստանը լրջորեն չզբավի հարցի քաղաքական կարգավորմամբ, ապա նոր պատերազմը կարող է անխուսափելի լինել:
44–օրյա պատերազմից անցել է ուղիղ 18 ամիս: Նիկոլը և իր քաղաքական տգետների թիմը ոչ մի օգտակար հարց Հայաստանի ու Արցախի համար չեն կարողանում առաջ տանել: Նրանց նպատակը մեկն է. սպասարկել օտարների շահերն այնպես, որ իրենք մնան իշխանության: Այսինքն՝ անեն այնպիսի քայլեր, որով Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի և Բաքվի մոտ ցանկություն չառաջանա իրենց իշխանությունից հեռացնել:
Եթե Հայաստանում իշխանության լինեն պատրաստված և փորձառու քաղաքական ուժեր, ապա Արցախի կարգավիճակի հարցը, ի հեճուկս չուզողների՝ միջազգային հանրությունը, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն քննարկելիս կլիներ: Դա առավել քան հնարավոր է, եթե դու քեզ չես ընդունում որպես կապիտուլյանտ և չես շարժվում թուրք-ադրբեջանական օրակարգով:
Մենք դրա համար ենք վստահաբար ասում, որ Նիկոլին հեռացնելուց հետո, շատ հարցեր արագ և շահավետ լուծումներ կստանան, և հնարավոր կլինի զգալիորեն բարելավվել Հայաստանի ու Արցախի ջախջախված դիրքերը:
Շատերն ասում են, «- դե ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ու իրանից կախված բան չկա: Ստիպված է ենթարկվել դրսի ուժերին»:
Պատասխանը մեկն է. Նիկոլը պետք է անհապաղ հրաժարական տա, հանուն Հայրենիքի, հանուն ՀՀ քաղաքացիների կյանքերի: Այլապես, կապիտուլյացված Նիկոլով մեր երկիրը չի ունենալու խաղաղ ապագա, և դա առավել քան ցայտուն երևում է:
Իսկ այսօրվա քաոտիկ աշխարհում, եթե Հայաստանն ունենա նոր, քաղաքականապես ամուր և փորձառու իշխանություն, ապա հենց համաշխարհային խառնաշփոթը կարող է լավ հնարավորություն դառնալ երկրի շահերն առաջ տանելու համար, երբ ունես կողքիդ կանգնած դաշնակից և ունես քո իրավիճակը շատ լավ հասկացող բարեկամ պետություններ:
Աշխարհը հասկանում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ելքն առնվազն անարդար էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեին խախտել ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ տարվող խաղաղ կարգավորման և ինքնորոշման իրավունքի իրացման նախապատրասված գործընթացը: Բոլոր լավ հասկանում են, որ անարդար են եղել հայ ժողովրդի նկատմամբ և չեն ցանկանում, որ այս պայքարից շահած դուրս գա միայն Ադրբեջանն ու Թուրքիան:
Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին: Սա հայ ժողովրդի խնդիրն է և հանուն երկարատև խաղաղության` այսօր այն պետք է լուծվի»: