Լուրեր
«ՔՊ ուսապարկերը փորձում են հաշտեցնել այդ մտքի հետ, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում». Աննա Մկրտչյան
07.04.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ այն մտահոգությունները, որոնք ապրիլի 5-ին հանրահավաքի ժամանակ բարձրաձայնվել են, ցավոք, այսօր իրականություն են դարձել։
«Հայաստանի շահը չի պաշտպանվում, միևնույն է, Նիկոլն աշխարհի որ մայրաքաղաքում լինի, խնդիրը զիջելն է, զիջել այնքան, որքան պետք է իր իշխանավարությունը երկարաձգելու համար։ Գնալ Բրյուսել և չխոսել, չստանալ գրավոր տեքստ հայ ռազմագերիների, պահվող անձանց հետ կապված, այն անօրինական դատավճիռների, որոնք Բաքվում կայացվում էին ՀՀ քաղաքացիների նկատմամբ, նշանակում է մեկ բան՝ չունենալ այնտեղ ներկայացուցիչ։ Հասնել Բրյուսել ու չխոսել այն մասին, որ մինչև հիմա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմական քաղաքականությունը, Հայաստանի սուվերեն տարածքում զինվորականներ և զորախմբեր տեղակայելով՝ սկսվում ու ավարտվում է վարձկաններով, հայ բնակչությանն ահաբեկելով, Արցախում հումանիտար տեռոր ստեղծելով, նշանակում է՝ չունենալ այնտեղ ՀՀ ներկայացուցիչ։ Ունեմ վստահություն, որ երբ ամեն անգամ Նիկոլն իր ոտքը դուրս է դնում Հայաստանից, դա հայկական շահն ուրանալու, հայկական օրակարգը մոռացության մատնելու մասին է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ այն բոլոր գործողությունները, որոնք իշխանությունը կատարել է այս ամբողջ ընթացքում, նրա համար է, որպեսզի բթացնեն հայ հասարակության մոտ հայկական օրակարգի գոյության անհրաժեշտությունը։ Այսինքն՝ սկսեն համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է լինել տրանսպորտային հանգույցների միջանցք։
«Մենք հիմա հասել ենք նրան, որ ՔՊ ուսապարկերն ասում են և փորձում են հաշտեցնել այդ մտքի հետ, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում։ Վստահ եմ, որ մեր հանրահավաքն իր նպատակին հասել է, առնվազն միջազգային հանրության մեսիջի մասով, որ հայ հասարակությունը համամիտ չէ այն հանգամանքի հետ, որ Նիկոլը հանուն իր իշխանազավթման շարունակության՝ ուրանում է հայկական օրակարգը։ Ես վստահ եմ, որ այս իշխանազավթներն ամեն ինչ անելու են, որպեսզի այն կոնսոլիդացիան, որը եղավ ապրիլի 5-ին, պառակտեն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ իրենք անհանգստացած են»,- հավելեց պատգամավորը։
Աննա Մկրտչյանը նաև համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության ընթացքը կարող է կասեցվել միայն նրա քաղաքական գոյության բացակայությամբ։ Եվ նրան կարող են խոչընդոտել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ ունեն պայքարելու նպատակ՝ նրան իշխանազավթումից հեռացնելու համար։
henaran.am