Լուրեր

«Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ».Շարմազանով

05.04.2022

 «Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ»

 
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, առնվազն 2019 թ․ հունվարից ասել եմ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյություն ունի որպես քաղաքական իշխանություն, ՀՀ-ն և Արցախը կորցնելու ենք, գահավիժելու ենք․․․ Դժբախտաբար, այս կանխատեսումները տեղի ունեցան։ Հիմա ևս մեկ անգամ պետք է նշեմ՝ այսօր մեր ազգային, պետական, անվտանգային հիմնախնդիրների լուծման առաջին ճանապարհն այս իշխանության հեռացումն է», — MegaNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա՝ թե երբ կլինի այս իշխանության հեռացումը, առաջին հերթին կախված է ընդդիմադիր ուժերի համախմբումից, նրանց ծրագրից, այլընտրանքային առաջարկից, որը կներկայացվի հասարակությանը․ բնականաբար, նաև հասարակության աջակցությունից է կախված։ Հիշեցնենք՝ վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքից մեկ օր անց՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
«Ես երբեք այն գործիչների թվին չեմ դասվել, որոնք ասել են՝ վաղը չէ մյուս օրը՝ ժամը երկուսին, իշխանափոխություն է լինելու կամ՝ կես ժամ հետո Նիկոլը գնալու է։ Իմ կարծիքը հետևյալն է․ ավելի լավ է անել ինչ-որ բան, քան ոչինչ չանել։ Վաղը, փաստորեն, ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաների նոր փուլ։ Աստված տա՝ այդ բողոքի ակցիաներն ու հանրահավաքները հասնեն իրենց տրամաբանական հանգրվանին», — նշեց ԱԺ նախկին փոխխոսնակը։ Նա վստահ է՝ հիմա ընդդիմությունը պիտի այլընտրանքային առաջարկ մշակի, այլապես «կապիտուլյանտ ու դավաճան» գոռալով՝ հարցը չի լուծվելու․ մարդիկ առաջարկ են ուզում լսել։
 
«Ես ինքս չունեմ պատրաստի դեղատոմս, այնպես չէ՝ ես ունեմ ու չեմ ասում, բայց քաղաքական էլիտան, մտավորականությունը և առաջինը քաղաքական էլիտան, պիտի այլընտրանք ներկայացնեն՝ հստակ ներկայացնելով իրենց ծրագիրը բոլոր ոլորտների հետ կապված՝ սոցիալական հարցերից սկսած՝ մինչև հայ-թուրքական հարաբերություններին ու Արցախին վերաբերող հարցերի լուծումները։ Մի անգամ տեսանք՝ մերժելն ինչի հանգեցրեց․ գնացին, Սերժին մերժեցին, բերեցին ու պատուհասին սարքեցին իշխանություն․․․․ Պայքարը պիտի լինի հանուն, թե թե ընդդեմ։ Կուսակցությունները պետք է ասելիք ունենան ու հստակ ծրագիր։ Հուսով եմ՝ վաղը հանրահավաքին ճանապարհային քարտեզ, ծրագիր, ասելիք ներկայացնեն մեր հանրությանը, Աստված տա՝ դա անեն», — ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։ Հարցին՝ ի՞նչ մտավախություններ կան Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ելքի հետ կապված, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Իմ գլխավոր մտավախությունը տեղի է ունեցել․ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է։ Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, հիմա առավել ևս չեմ սպասում։ Ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ՝ Հայաստանը դառնում է թուրքական վիլայեթ, ասում էի՝ Հայաստանը գործոն չի լինելու, Հայաստանը դարձել է գործիք, ասում եմ՝ եթե այս իշխանությունը մնա, Ալիևի բոլոր պահանջնները պիտի կատարեն, մարդիկ բացահայտ ասացին՝ իրենք Ալիևի հինգ կետերին համաձայն են։ Էլ ի՞նչ պետք է լինի․․․ Մարդիկ Շուշին ու Հադրութը հայկական չեն հարամում, օկուպացված չեն համարում, այն ժամանակ էլ կանգնեցին ասացին՝ թողեցինք Սյունիքում նստեն, հետ քաշվեցինք, որ պատերազմ չլինի, հիմա էլ ասում են՝ պատերազմի վտանգ կա․․․ Կանգնում, ասում էին՝ նախկինները թալանչի են, գազի փողը կերան, գազը թանկացավ, հիմա իրենք եկան, գազի, էլեկտրաէներգիայի գինը թանկացրին, ամեն ինչը թանկացավ․․․ », — նշեց Շարմազանովը՝ ընդգծելով՝ որևէ ոլորտում զարգացում չի եղել։ ՀՀԿ խոսնակը հիշեցրեց՝ այս իշխանության ներկայացուցիչները նախկինում ասում էին՝ նախկինները անարդյունավետ ծախսեր են արել, մինչդեռ հիմա ծախսերն ու պադավատները, պարգևավճարները շատացել են, արդյունքն էլ՝ զրո։
 
«Եթե պիտի Ղարաբաղով ռուսը զբաղվի, էն մեկով՝ թուրքը, մյուսով՝ ամերիկացին, բա դուք ինչո՞վ պիտի զբաղվեք, բա ինչո՞ւ է ժողովուրդը հարկ տալիս սրանց։ Ղարաբաղ են մտնում, ասում են՝ ռուս խաղախապահներն են մեղավոր, մեկ այլ հարցում ասում են՝ մեկ ուրիշն է մեղավոր․․․ բա դու ինչացո՞ւ եք․ սա է խնդիրը․․․ Գործողությունների այլևնտրանքային ծրագիր է պետք, «նա վատն է» գոռալով՝ հարց չի լուծվելու։ Տարի ու կես է՝ գոռում ենք «դավաճան, կապիտուլյանտ»․ գործն առաջ գնո՞ւմ է․․․․ Սա մի օրվա հարց չէ։ Այնպես չէ՝ վաղը ժամը 12-ին Նիկոլը հրաժարական կտա, բայց միևնույն ժամանակ՝ չպետք է դադարել պայքարել հանուն հայրենիքի», — եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Հ.Սարգսյան

meganews.am

← Վերադառնալ ցուցակին