Լուրեր
«Գազային պատերազմը գալիս է լրացնելու ՌԴ-Արեւմուտք քաղաքական պատերազմին». Գագիկ Մինասյան
01.04.2022
ՌԴ-Արեւմուտք հակամարտության լարման եւ ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարեց, որ արեւմտյան երկրների ռուսական գազի վաճառքն ապրիլի 1-ից կիրականացվի ռուսական ռուբլով: Այդ քայլը կարեւոր է ռուսական ռուբլին ամրապնդելու համար: Արեւմուտքի պատասխանը չուշացավ. հնչեցին հայտարարություններ, որ ռուբլով չեն վճարի: ՌԴ-ից պատասխանեցին՝ գազ չեք ստանա: «Գազային պատերազմը գալիս է լրացնելու այն քաղաքական պատերազմին, որը ընթանում է ՌԴ-ի եւ Արեւմուտքի մեջ: Այս գործընթացից չի կարող անմասն մնալ նաեւ Թուրքիան, որովհետեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ երկրորդ ճակատն ընդդեմ ՌԴ-ի չի բացառվում, որ բացվի Հարավային Կովկասում՝ Արցախում, Հայաստանում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին: Խոսելով Հայաստանում գազի գնի թանկացման մասին էլ, Գագիկ Մինասյանն ասաց, որ դա ևս մեկ կաթիլ է ավելացնում հասարակության ցասումին՝ համատարած թանկացումների մասով եւ կաթիլ-կաթիլ լցնում է համբերության բաժակը, որը լցվելուց հետո, այլեւս ոչինչ այս իշխանությանը չի փրկի: ՀՀԿ-ական գործիչը նաեւ նկատում է, որ հանրությունն այլեւս չի հավատում ու վստահում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի տված սին խոստումներին, որոնց թվում էր նաեւ այն, որ թանկացումներ չեն լինելու: Ավելին, թանկացումներին զուգահեռ՝ այժմ մեծ են նաեւ անվտանգային խնդիրները: