Լուրեր

Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ և վերաբերվի բոլոր քաղաքացիներին. Արտակ Զաքարյան

01.04.2022

 1988թ-ից սկսած՝ Հայաստանում հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ, նստացույցեր, պիկետներ ու տարատեսակ ակցիաներ շատ են եղել: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է մեծ ու փոքր նպատակներ՝ համազգային օրակարգերից մինչև նեղ խմբային շահեր: Սակայն այդ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսքան վտանգավոր ու տագնապալի վիճակում չեն եղել: Թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ 

 
«Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ և վերաբերվի բոլոր քաղաքացիներին: Արցախի ու Հայաստանի շուրջ ահագնացած պրոբլեմներից շատ է խոսվել: Հրապարակային քննարկվել են բոլոր սպառնալիքներն ու նոր մարտահրավերները: Հայաստանի կապիտուլյացված իշխանությունները բազմաթիվ անգամներ ցույց են տվել, որ չե՛ն կարողանում, կամ էլ չե՛ն ցանկանում պաշտպանել Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը:
 
Արդյունքում՝ մենք հայրենի տարածքներ ենք կորցրել, մեզանից բազում մարդկային կյանքեր են խլել, մեր ինքնիշխանությունն են քայքայել, մեր անվտանգությունն ու ապագան են խարխլել: Հիմա էլ համազգային նվաստացման ու վերջնականապես թշնամուն հանձնվելու հաջորդ փուլն է սկսվել:
Ապրիլի 5-ին ոտքի կանգնելը պետք է լինի համախմբվելու, միմյանց թև ու թիկունք լինելու, Արցախի մեր հայրենակիցներին քաջալերելու, աշխարհին մեր պահանջները ներկայացնելու, իրավիճակից ելքեր գտնելու գործընթացի սկիզբ:
 
 
Անտարբերությունը՝ նոր կորուստներ է բերելու: Իրավիճակը ճիշտ չհասկանալն ու դրա դեմ քայլեր չանելը՝ նոր սպառնալիքներ է ծնելու:
Հուսով եմ, որ ապրիլի 5-ին մեր ժողովուրդն ինքն իրեն չի դավաճանի… Գոնե հիմա՛»,-գրել է նա:

← Վերադառնալ ցուցակին