Լուրեր

«Սա Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող փորձ է». Արմեն Աշոտյանը գրառման համար` քաղաքական հետապնդման մասին

01.04.2022

 Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 30-ին բաժին է ստացվել ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունն այն մասին, որ մարտի 13-ին Արմեն Աշոտյանի կողմից անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է հրապարակվել ֆեյսբուքում: Նախապատրաստվում են նյութեր: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: «Կրկին ձեր միջոցով եմ տեղեկանում, որ իմ անունը հերթական անգամ հոլովվում է իրավապահ համակարգում` Նիկոլ Փաշինյանին պատմության, արդարության եւ ժողովրդի դատից անհագուրդ եւ ինքնամոռաց պաշտպանելու ծրագրի շրջանակներում: Ամենասկզբից ակնհայտ էր, որ խոսքի ազատության սահմանափակումները ծառայեցվելու են ընդդիմադիրներին լռեցնելու համար: Եվս մեկ անգամ ասեմ, որ իմ դեպքում դա չի աշխատելու որպես լռեցնելու գործիք»,-ասաց Արմեն Աշոտյանը:

 
«Չգիտեմ ոչինչ, գործի մանրամասներից տեղյակ չեմ, ու զուտ փաստը կարող եմ գնահատել որպես քաղաքական հետապնդման հերթական ցցուն փորձ, որի տակ որեւէ էություն, բովանդակություն, խախտում չկա, կա ընդամենը Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող հերթական փորձի դրսեւորում: Գործի մանրամասներին ծանոթանալուց հետո գուցե այս թեմային ավելի հրապարակայնորեն անդրադառնամ հետագայում: Հավելեմ, որ այս գործով եւս իմ շահերը կպաշտպանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:
 
Գոհար Հակոբյան
 aravot.am

← Վերադառնալ ցուցակին