Լուրեր

«Եթե ինչ-որ բան ունես, որ կարող ես թափ տալ Ադրբեջանի վրա ու երկրաշարժի մատնել, արա՛, բա». Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

26.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ  գործողությունները պայմանավորված են երկու հանգամանքով:

 
Հանգամանք առաջին՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, որը տեղի է ունենում  Ուկրաինայում, և մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Ռուսաստանի՝ այդ կոնֆլիկտում խրվելու և կոնֆլիկտի խորացման պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է արցախյան հատվածում, չեմ բացառում՝ նաև Հայաստանի սահմաններին, սրացումների գնալ և փորձել ստանալ ավելին: Երկրորդ հանգամանքը Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների «խաղաղասիրական», իսկ իրականում՝ միակողմանի զիջումների, իսկ կապիտուլյացիայից հետո՝ ազգին, պետությանը հետևողական կապիտուլյացնելու ցանկությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ թեպետ Արցախում իրավիճակը լարված է, բայց զերծ կմնա գնահատականներից, դա մեսիջ էր Ադրբեջանին, որ առարկություն չունի.
 
Այդ իմաստով, մի կողմից՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, մյուս կողմից՝ այս իշխանությունների անգործությունը, իսկ իրականում՝ հակապետական քաղաքականությունը, արձակել են Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքերը, և նրանք գնում են այդ սրացումներին՝ փորձելով ստանալ անպաշտպան Հայաստանից հնարավորինս շատ: Իշխանությունների բանուգործը ո՞րն է, Արցախի խնդիրը գցեն ռուսների գրպանը, Ցեղասպանության խնդիրը գցեն Սփյուռքի գրպանը, իրենք էլ պարգևավճար ստանան ու գնան՝ բալիներում անհասկանալի համաժողովների մասնակցեն, կամ գան ԱԺ-ում մեծ-մեծ խոսեն, թե՝ թափահարեմ, և այլն: Հիմա իսկական թափ տալու ժամանակն է, դե ինչ ունես-չունես հանիր՝ թափ տուր, թե կարող ես, բայց ոնց որ հակառակն է ստացվում, դժբախտաբար»:
 
Նրա գնահատմամբ՝ իրավիճակը շարունակում է այսպիսին լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է. «Երբ դու ասում ես՝ խաղաղություն, Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանը ամբողջական կապիտուլյացիա է ուզում:
 
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը պետք է լավ գիտակցի հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի պայթյունավտանգությունը, ես չէ, որ պետք է խորհուրդ տամ ռուսներին՝ ինչ անեն, նրանք էլ են գիտակցում, բայց ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա, Թուրքիայի քիչ թե շատ չեզոք պահվածքի ֆոնի վրա, նրանք միգուցե չեն ցանկանում սրել իրավիճակը և երկրորդ ֆրոնտ բացել այստեղ, բայց պետք է հասկանալ, որ եթե Արցախում չլինի հայություն, ռուս խաղաղապահների ներկայությունն անիմաստ է դառնում: Հետևաբար՝ ռուս խաղաղապահները պարտավոր են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց պարտականությունները կատարել և պաշտպանել Արցախի անվտանգությունը: Բայց, նախ և առաջ, եթե Հայաստանում կա իշխանություն, պետք է ոչ թե գնան Վեդիում բուկլետ բաժանեն, այլ 1.5 տարի շարունակ իրենց թիվ մեկ խնդիրը դնեին ոչ թե ընդդիմադիրներին բռնելը, ընտրություններում մուրճով աղաղակող հայտարարություններ անելը, հիմար-հիմար հայտարարություններ անել, թե՝ մատս թափ կտամ, ուրիշ բան էլ թափ կտամ, իրականում պետք է վերակառուցեին բանակը, նոր պայմանագրեր կնքեին զենք-զինամթերքի ստացման և ամրապնդեին առանց այն էլ թուլացած պաշտպանական համակարգը:
 
Այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն կապիտուլյանտ ռեժիմն է՝ գլխավոր կապիտուլյանտի գլխավորությամբ, երկրորդ պատասխանատուն Հայաստանի հասարակությունն է՝ ինձնից սկսած, որ հանդուրժում ենք այս կապիտուլյանտ ռեժիմի գոյությունը Հայաստանում»:
 
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նույնիսկ Ալիևն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ անգամ Փաշինյանն այդ մասին չի խոսում.
 
«Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերի 7-ին ասում էր՝ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի կառավարման շրջանում նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից: Սերժի ժամանակ նույնիսկ Ալիևն էր խոսում Արցախի անկախությունից, Նիկոլի ժամանակ անգամ Նիկոլը չի խոսում, ոչ էլ՝ ՔՊ-ն, ինչի՞ մասին է խոսում»:
 
ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ իշխանությունների նպատակներից մեկը կարող է լինել ոչ միայն Արցախը հանձնելը, այլև հակառուսական հիստերիա բարձրացնելը, թուրքերի հետ առանձին կապիտուլյացիա 2, բայց իշխանությունների ասելով՝ խաղաղություն կնքելը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ու 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից:
 
Անդրադառնալով Արցախի իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանի լռությանը՝ նա նկատեց. «Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի էր իր լայվերով, որը նոյեմբերի 9-10-ի կապիտուլյացիայի գիշերը ոչ ադեկվատ վիճակում վրեժի կոչեր էր անում ընդդիմության նկատմամբ… այդ վրեժի կոչերն Ադրբեջանի նկատմամբ արա, բա ինչի՞ լայվ չի մտնում: Հիմա իսկական մատ թափ տալու, կամ ինչ-որ բան ունես թափահարելու, որ կարող ես թափ տալ Ադրբեջանի վրա ու Ադրբեջանը երկրաշարժի մատնվի, արա, բա»:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին