Լուրեր
15 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը. Շարմազանով
25.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լույս իջնի շիրիմիդ ,սիրելի Ուսուցիչ։
15 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը:
Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը եւ Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց:
1960-ականերին, երբ անկախության մասին խոսելն արգելված էր, նա խոսում էր, իսկ այն ժամանակ երբ խոսելը բոլորի համար դարձավ հնարավոր եւ մատչելի, նա սկսեց լուռ գործել:
Եւ այդ ճանապարհին հայրենիքի ազատության գաղափարը երբեւիցե չածանցվեց անձնականին՝ անգամ ամենաթանկին՝ ընտանիքին:
Նրա համար ամենաթանկը Հայաստանն էր եւ նրա վերածնունդը:
Եւ այդ վերածննդի համար վճարեց սեփական կենսագրությամբ. ընդհատակյա պայքար, ազատազրկում, մշտապես վտանգի եւ ճնշումների ներքո՝ աննահանջ պայքար, մասնակցություն Արցախյան գոյամարտին եւ պետականաշինությանը, նվիրում մինչեւ վերջին պահը, մինչեւ վերջին բջիջը՝ իր մեջ կրելով ազգի գենետիկ, դարավոր նյարդը, որի առողջացման համար դրեց իր երիտասարդությունը, տարիները, առողջությունը, ընտանիքի անվտանգությունը :
Անդրանիկ Մարգարյանը վարչապետ դարձավ պետության համար դժվարին եւ ծանր ժամանակաշրջանում։
Վերցրեց վիթխարի բեռը՝ չթերագնահատելով բարդ իրավիճակն ու մարտահրավերները:
«Մենք մեր երկրում թշնամիներ չունենք»:
Սա էր Անդրանիկ Մարգարյան վարչապետի գործնեության գլխագրերից մեկը, ինչի շնորհիվ հոկտեմբերի 27-ից հետո դարձավ այն բանակցողը, համադրողը ու փոխզիջումների գնացող, համբերատար ու հանդուրժող մերանը, որ պիտի երկխոսեր, բոլորի հետ լեզու գտներ, համերաշխության ու հաշտության եզրեր գտներ՝ առանց որեւէ մեկին նսեմացնելու, առանց իմ ու քո անելու, առանց երկիրը մերոնքների ու ձերոնքների բաժանելու, ամեն կերպ ու ամեն գնով երկիրը ազգակործան պառակտումների սպառնալիքից հետ պահելով:
Հասկանում էր, որ բաժանումը չի բխում երկրի անվտանգության եւ պետականության շահերից:
Արժեւորելով նախորդներին, իր կառավարությունը հռչակելով նախորդների ժառանգորդը, նա մնաց որպես չքանդող, այլ կառուցող վարչապետ:
Չընկրկեց դժվարությունների առջեւ:
Իր կառավարման 7 տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացավ երկնիշ թվերով:
Նրա կառավարումն իսկապես հաջողված էր:
Նա ցույց տվեց, որ կարելի է լինել բարձրաստիճան պաշտոնյա, միաժամնակ լինել մարդ:
«Իմ նախնիները Մուշից են եկել, եւ ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնա»,-ասում էր Անդրանիկ Մարգարյանը՝ անուղղակիորեն ուսուցանելով հայրենիքի անփոխարինելիության գաղափարը:
Գաղափար, որը երկրի վրա հավիտենական ընթացքի իրավունքը իր նվիրյալների կյանքով է վաստակել:
Նա Հայկ Նահապետի սերնդից էր ու այդ տեսակի կրողը։
Լույս իջնի շիրիմիդ ,սիրելի Ուսուցիչ»։