Լուրեր
Պետությունը «գրոշի» արժեք չունի, երբ առաջնորդվում է թշնամու օրակարգով. Շարմազանով
22.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետությունը «գրոշի» արժեք չունի, երբ առաջնորդվում է թշնամու օրակարգով։
Հայտնի է,որ կան կառուցողներ ու քանդողներ,հաղթանակ պարգեւողներ ու կապիտուլյացիա ստորագրողներ։
Կա ազգային վերելքի ու ապազգային գահավիժման ժամանակաշրջան։
Հարկ է արձանագրել,որ դժբախտաբար այս փուլում ազգայինի ու պետական արժեքների կրողները պարտվել են օտարամոլ ու պոպուլիստական պրոպագանդային։
Եվ սա ամենեւին ոչ քաղաքական եւ ոչ էլ կուսակցական խնդիր է։
Ես գիտեմ ,որ հուսահատությունը մեղք է,բայց կրկնակի մեղք են անտարբերությունն ու ինքնախաբեությունը։
Անհերքելի է ,որ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքում դրված էին Արցախի հայկականության ու Ցեղասպանության միջազգային դատապարտման ազգանվեր գաղափարները։
2018-ից սկսած իզմեր չունեցողները սահուն քանդում էին այդ ազգային հիմքերը։
Նիկոլը ե՞րբ է վերջին անգամ խոսել Արցախի անկախությունից ու Հայոց պահանջատիրությունից։
Իսկ ե՞րբ է պահանջել,որ թշնամին ազատի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։
Իսկ մենք ե՞րբ ենք հասկանալու,որ այս կապիտուլյացիայի սիմվոլները «սպանում» են Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերը՝ համաձայնվելով թուրք-ադրբեջանական օրակարգին։
Եթե «իշխանություն» կոչվածն ասում է Ադրբեջանի 5 կետերը ընդունելի են,իսկ Շուշին ու Հադրութը,Թալիշն ու Մատաղիսը,Դադիվանքն ու Ղազանչեցոցը օկուպացված չի համարում եւ «մարսում» է,ի՞նչպես սա անվանել,եթե ոչ ուրացում եւ անտարբերություն։
Քանի դեռ հայոց ազգային երազանք մսխողներն իշխանության են ,մենք արժանի չենք Հայաստանին։
Իսկ այս պայմաններում «ընդդիմության» մի հատվածը զբաղված է կամ մյուսների վրա «բոչկա գլորելով» ,կամ նոր մանր-մունր «պրոյեկտ -կուսակցություններ» ստեղծելով,կամ էլ այս կամ այն օտար ուժային կենտրոններին սիրաշահելով՝ հույս ունենալով ապագա«իշխանության» մեջ հարմար տեղ ապահովել։
Բայց մի պարզ բան չի գիտակցվում. ու՞մ է պետք իշխանությունը,եթե ազգային պետություն չկա։
Ու մեր բոլոր նախորդ հաղթանակները արժեզրկվել են,քանի որ «տրոյական ձին» ներսից քանդեց Հայաստանը։
Ապագա պատմաբաններն ու քաղաքագետները,հոգեբաններն ու փիլիսոփաները դեռ պետք է բացատրեն ազգային բարոյականի այսպիսի անկման պատճառները։
Մի բան հստակ է.պետությունը «գրոշի» արժեք չունի,եթե առաջնորդվում է թշնամու օրակարգով:
Իշխանությունը խոնարհաբար լսում է թուրքերի պահանջները,իսկ հասարակությունը դեռ «նախկիններին» է մեղադրում։
Ավելին.բոլորը բոլորին մեղադրում են։
Բայց մենք դժվար թե պատմության դատաստանից խուսափենք,եթե մեր աչքի առաջ դադարի հայկական երազանքն ու իրականանա՝ թուրքականը։
Մտածենք այս մասին …ինձանից սկսած»։