Լուրեր

««Ֆուտբոլային դիվանագիտությունն» այսօրվա հետ համեմատելը նույնն է, որ Մասիսը համեմատես մի բլրի հետ». Էդուարդ Շարմազանով

21.03.2022

 «Ո՛չ ես, ո՛չ իմ քաղաքական թիմը՝ Հանրապետական կուսակցությունը, խաղաղության դեմ չենք, ոչ էլ դեմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների։  Բայց արդյո՞ք այսօր գոյություն ունի առանց նախապայմանների հարաբերություն, և արդյո՞ք այսօր Հայաստանը գնում է դեպի խաղաղություն։ 1993 թվականից սկսած, երբ թուրքերը փակեցին հայ-թուրքական սահմանը, թուրքերը մշտապես դրել են մի շարք պահանջներ, որոնք բոլորին ծանոթ են»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերին։

 
 
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Թուրքիայի պահանջները հետևյալն էին՝ Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, հայկական զորքերի դուրսբերում 7 շրջաններից և Արցախից։ Նախորդ երեք նախագահների օրոք այդ պահանջները չեն բավարարվել, ավելին, քաղաքական գործչի մեկնաբանությամբ՝ իրենց ընդդիմախոսները փորձում են զուգահեռներ անցկացնել 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» և այսօրվա  «կամասուտրայի դիրքով» հարաբերություններ հաստատելու միջև։ Այստեղ որևէ ընդհանուր բան չկա։
 
 «2009 թվականին ՀՀ-ն հաղթանակած պետություն էր, այդ ժամանակ ՀՀ նախագահը թաքուն չէր ազդարարում «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։ 2008 թվականի հունիսի 24-ին Սերժ Սարգսյանն իր դաշնակից ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում ազդարարարեց «ֆուտբոլային դիվանագիտության» սկիզբը։ Այստեղ երկու կարևոր բան կա, որ դաշնակցի թիկունքում որևէ բան չէր արվում, պատահական չէր, որ այդ հայտարարությունը Մոսկվայից արվեց։ Այսինքն՝ համաձայնեցված էր իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի հետ։ Եվ այդ ամենն արվում էր ռուսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Սա մեսիջ էր հայկական սփյուռքին, որ Հայաստանն ու սփյուռքը միասնական են, և մենք չենք անելու քայլ, որը ոչ միայն չի վնասի Հայաստանի Հանրապետությանը, այլև չի վնասի հայկական սփյուռքի պայքարին»,- շեշտեց Է. Շարմազանովը։
 
Շարունակելով միտքը՝ նա հավելեց, որ հայ-թուրքական գործընթացը, որը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը, ուներ երկու նպատակ. Նախ՝ ամրագրել փաստաթղթով, որ Թուրքիան որևէ գործ չունի  ԼՂՀ կոնֆլիկտի մեջ, որ դրանք երկու տարբեր կոնֆլիկտներ են։ Եվ այդ ժամանակվա աշխարհի հզորներն ընդունել են Սերժ Սարգսյանի խաղի կանոնները և ի հեճուկս թուրքական իշխանությունների՝ ֆիքսել են, որ հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցերը երկու տարբեր գործընթացներ են։ Բացի այդ,  Սերժ Սարգսյանի նախաձեռնության նպատակն էր՝  աշխարհին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում նախապայմաններ դնում է  ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան։
 
 
« Հայաստանն այնքան կարևոր գործոն էր տարածաշրջանում, որ Հայաստանն էր թելադրում խաղը։  Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև Թուրքիայի մեծ ժողովը՝ խորհրդարանը, չվավերացնի այդ արձանագրությունները, Հայաստանը չի վավերացնի, այդպես էլ եղավ: Եվ 2017 թվականին ՄԱԿ-ի Ասամբլեայում հստակ հայտարարեց, որ Հայաստանն անվերջ չի կարող սպասել, և գրողի ծողը կուղարկեն այդ արձանագրությունները։ Իսկ այդ ընթացքում բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց նա։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան վարում է ցեղասպան քաղաքականություն, իսկ դրանից մի քանի ամիս անց հայտարարում է, թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, ստացվում է, որ Թուրքիան դադարե՞լ է ցեղասպան քաղաքականություն վարել։
 
«Ասում են՝ առանց նախապայմանների են հարաբերություններ հաստատում, այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դուք թուրքերի բոլոր նախապայմաններն արդեն կատարել եք, 7 շրջանի փոխարեն՝ 9 շրջանից եք դուրս եկել։ Ադրբեջանն ու Էրդողանը չէին կարող անգամ երազել, որ կլինի մի իրավիճակ, որտեղ Շուշին ու Հադրութը կլինեն թուրք-ադրբեջանական օկուպացիայի տակ։ Նիկոլն ասում է՝ Արցախի պաշտպանությունը ռուսների գործն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էլ՝ Հայ դատի, սփյուռքահայ կառույցների, բա ինքն ինչի՞ համար է։ Արտգործնախարարը հանդիպեց Չավուշօղլուի հետ, այդտեղ հայկական օրակարգը ո՞րն էր։ Այս իրավիճակում, ծնկած իրավիճակում թուրքերի հետ հարաբերություններ հաստատելն ինքնասպանության նման մի բան է։ 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտությունն» այսօրվա հետ համեմատելը նույնն է, որ Մասիսը համեմատես մի բլրի հետ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին