Լուրեր

Թույլ չենք տալու ադրբեջանցու ու թուրքի հետ բարեկամություն անել. ՀՀԿ-ական երիտասարդ

17.03.2022

 Մենք այսօր ևս մեկ անգամ ամբողջ հայ ազգին ցույց տվեցինք, որ փողոցային պայքարը չի ավարտվել։ Իրականում կապ չունի պայքարը կլինի փողոցում, թե Ազգային ժողովի ամբիոնից։ Հարցն այն է, որ մենք դեմ ենք այս ամենին, մենք դեմ ենք Հայաստանի թրքացմանը, մենք դեմ ենք թուրքի հետ բարեկամություն անելուն, սա հստակ իրողություն է։ Այս մասին քիչ առաջ ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը։

 
«Այսօր մենք շատ ասացինք, բայց ես հիմա նորից եմ կրկնելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Հայաստանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե այսօր այս իշխանությունները նմանօրինակ ցանկություններ ունեն ու ուզում են ադրբեջանցու կամ Թուրքիայի հետ բարեկամություն անել, մենք այսօր եկել ենք հստակ ցույց տալու, որ Հայաստանում իրականում կան մարդիկ, կան երիտասարդներ, որոնք դա անել միանշանակ թույլ չեն տալու։ Ինչպես տեսնում եք, հավաքվածների մեծամասնությունը հենց երիտասարդներն են, ու այո, երիտասարդությունը թույլ չի տալու անել այս ամենը։ Այս պայքարը, այս ակցիաները չեն ավարտվելու, լինելու են շարունակական։ Նրանք էին իրենց բերնով ասում, թե Արցախը Հայաստանն է ու վերջ, բայց այսօր իրենք են բանակցում ինչ-որ հինգ կետերի շուրջ, որոնց մեջ հայանպաստ մի կետ անգամ չկա»,- հավելեց նա։
 
Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին