Լուրեր

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

16.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՄԵԾ ԹԱՂԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 58 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 3269 հա տարածք, որից 2272 հա գյուղատնտեսական նշանակության, 728 հա անտառային հողեր։
Համայնքի տարածքում են գտնվում «Հոռեն», «Ծավեն», «Շենին», «Երե ջուր», «Ներքե ջուր», «Վրարակն», «Ռըքելանց», «Նազանու» և «Թթու ջուր» աղբյուրները։ Մեծ Թաղերի հարավային մասով է հոսում Արաքսի ձախ վտակ Իշխանագետը։ Ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա է, այն չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։
Գյուղի մոտակայքում են գտնվում Մարխաթուն, Ճոխտպըռըվածառ սրբավայրերը։
Հնում գյուղը կոչվել է Կաժ (հիմնադիր Դանիել Կժեցու անունով), ապա Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ Թաղլար: Գյուղը ձորերով բաժանված էր առանձին-առանձին թաղերի կամ հատվածների։ Արմատական բնակիչներն ապրում էին արևելյան ձորագլխին, Դիզափայտի լեռանային Հարոս և Թաղլար բնակավայրերից այստեղ տեղափոխվածները՝ արևմտյան ձորալանջին, իսկ Խաչենի Տիգրանակերտից փոքր ինչ հեռու, այժմյան Աղդամի տեղում գտնվող հայկական Ակնա բնակավայրից գաղթածները բնակություն էինն հաստատել կենտրոնական մասում։
Այն խոշոր բնակավայր էր՝ բաժանված ձորերով, որոնց արանքում եղած թաղամասերը նկատի ունենալով՝ գյուղը կոչել են Թաղեր։
Մեծ Թաղերը 18-19-րդ դարերում մարդաշատ գյուղաքաղաքի կարգավիճակ ուներ։ Այստեղ 19-րդ դարում մեծ շինարարական եռուզեռ է սկսվում։ Հորդառատ անձրևների ժամանակ սելավները գետակների վերածվելով քանդում էին ձորամիջյան ճանապարհահատվածները և կարիք է առաջանում ձորակի վրա կառուցել կամուրջ։ 1890 թվականին կառուցվում է կամուրջ, որը նախատեսված էր ոչ միայն հետիոտնի, այլև սայլակառքերի համար։ Երբ կառուցվել են չորս քարաշեն կամուրջները, հողով, քարով, լցվել ձորերի առանձին հատվածներ, Թաղերը իրար հետ ձուլվել են, և սկսեկ են գործածվել Մեծ Թաղեր անունը։
Գյուղի տարածքում բնակավայր է հիմնվել 10-րդ դարում, սակայն հիմնադրման վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ 18-րդ դարում գյուղը եղել է Վարանդայի մելիքության կազմում։ Այս գյուղում ապրել է և թաղված է եղել Սարգիս Արաքայաորդին, Արշակունյաց դինաստիայի վերջին ժառանգներից՝ Փայտյանների տոհմից։ Իշխան Սարգիս Փայտյանը նաև եղել է ռազմական գեներալ-հրամանատար ռուս-պարսկական պատերազմներում։ Մեծ Թաղերում է ծնվել նաև ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը:
 
Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են Շմանեք (Ծծախաչ), քարանձավը, որը բաղկացած է 4 քարայրներից և միմյանց հետ են կապված տարբեր չափսերի անցուղիներիով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շմանեք քարայրում պալեոլիթի շրջանում ապրել են նախնադարյան մարդիկ։ Շմաջրի բերդը, որը գյուղի հյուսիս-արևելյան մասում է, գյուղից 3 կմ հեռավարության վրա։ Բերդը գտնվում է ժայռի վրա և մոտ 800 ք/մ տարածք է զբաղեցնում։ Մրխաթունը հին բնակատեղին, գյուղից 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում։
Գյուղատեղիի մոտակայքում կանգնուն է մնացել Մրխաթուն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1603 թ. եկեղեցին։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 1846 թվականին գյուղի հասարակական ծախսերի հաշվին։ Լուսավորչի սրբավայրը, որը գտնվում է գյուղից 500 մ հեռավարության վրա, Լուսավորչի սարի վրա։ Ըստ լեգենդի, քարայրը, որտեղ գիշերել է Գրիգոր Լուսավորիչը, ունի գետնից 1 մետր բարձրություն։ Ճոխտ Պըռըվածառ ուխտատեղին գյուղից 10 կմ հեռավորության վրա է՝ Վերին Շագանակուտ կոչվող վայրում։ Պահպանվել են զույգ եկեղեցիների հիմքերը և վանքի փլատակները։
Նշենք նաև, որ մինչև բռնակցումը գյուղում բնակվում էր 1518 մարդ։ Գյուղում գործում էր մեկ մանկապարտեզ և մեկ դպրոց, որն ուներ մոտ 220-230 աշակերտ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին