Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան
23.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԾԱԿՈՒՌԻ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան մասում։ Այն գտնվում է 13 կմ Հադրութից, իսկ Ստեփանակերտից` 57 կմ հեռավորության վրա։ Հարթավայրային համայնք է, ունի 307 հա տարածք, որից 241 հա գյուղատնտեսական նշանակության, 33 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում են գտնվում «Ակնեն» և «Ներսես» աղբյուրները։ Համայնքում առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։
Գյուղի ամենակարևոր կրոնական հուշարձանը՝ նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է՝ կառուցված 12-րդ դարում, որից պահպանվել է միայն «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ ամենահին խաչքարի, այն 1198 թ-ից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է։
Մյուս պատմական հուշարձանները ներառում են նաև գերեզմանոցը (17-19-րդ դարերից), 19-րդ դարի աղբյուրը, 17-րդ դարի խաչքարը, ինչպես նաև Պտքաթաղ վանքի ավերակները (1623թ.)։ Աստվածածին եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն հասել։
Սարգիս Ջալալյանցը պատմում է որ, մի հետաքրքիր պարմություն է պահպանվել եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի՝ օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետն անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մահանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկեր։
Հանձնելուց առաջ գյուղում բնակվում էր 109 մարդ, կար 28 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էին տարրական դպրոց, գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ»։