Լուրեր

«Իշխանության համար սա ուղղակի բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է՝ փակել 44-օրյա պատերազմի էջը». Տիգրան Աբրահամյան

14.02.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները, բայց դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը։

 
«Նախ սկսենք այն հանգամանքից, որ եթե ինքը՝ իշխանությունը, նմանատիպ կամք ու ցանկություն ունենար, ապա դրա համար կային իրավապահ մարմիններ՝ սկսած Գլխավոր դատախազությունից՝ վերջացրած քննչական մարմիններով, ԱԱԾ-ով, որոնք հենց իշխանության, պետության գլխավոր մարմիններն են, որոնք զբաղվում են բացահայտումներով։
 
 Կա շատ կարևոր հանգամանք, որն իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են «սղացնել».  դա օբյեկտիվության հանգամանքն է։ Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորն է իշխանությունը։ Հիմա այդ նույն իշխանությունը, իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ, ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը։ Ես որ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին դա նկատի ունեմ։ Այս պայմաններում սա իշխանության համար ուղղակի բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է՝ փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների, պատասխանատուների և փորձելով այս ողջ գործընթացն իշխանության վերին էշելոններից վերցնել ու տեղափոխել ցածր օղակներ»,- ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
 
Զվարթ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին