Լուրեր

«Դա պանթուրքիզմի ճանապարհ է լինելու ու թուրքական շահերի սպասարկում»

14.02.2022

 Ըստ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ Նախիջեւանով ճանապարհ տալն ու երկաթուղի կառուցելը ՀՀ-ի համար շահեկան ներկայացնելու փորձը տգիտություն է:

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի իննին խորհրդարանում վերահաստատեց, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման, կառուցման մասին։ «Աշխատանքային խումբ եմ ձեւավորել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքը կազմակերպելու գործով…երկաթուղին դառնալու է միջազգային բեռնափոխադրումների ուղի։ Կարեւոր է, որ փաստաթուղթն արագ ստորագրվի…»,-ասել էր նա։ Իշխանությունից պարբերաբար խոսել են այս երկաթուղու մասին, բայց հատկանշական է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռեւս 2021թ. դեկտեմբերին ԱԺ-ում հետեւյալ ձեւակերպումն էր հնչեցրել. «Եթե մեկ լուծմամբ համաձայնեցվի, ապա այն կունենա տարածաշրջանային նշանակություն: Այդ դեպքում մենք կստանանք խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, որովհետեւ այդ ենթակառուցվածքով շահագրգռված են լինելու տարածաշրջանի բոլոր երկրները»։ «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Փորձեմ փաստերով խոսել եւ մնալ կոռեկտության սահմաններում, բայց ի՞նչ խաղաղության մանդատ։ Մի տարի խոսում են խաղաղության մասին, բայց ՀՀ-ի տարածքի 41 քառ.կմ-ն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ-ն վերահսկում է Ադրբեջանը։ Այդտեղ արդեն ադրբեջանական մաքսակետ կա։ Սեւ լճում խնդիր ունենք, ի՞նչ խաղաղություն։ Մեկ տարում գերիներ եւ զոհեր ենք ունեցել, դրա խաղաղասիրությունը ո՞րն է»։ Դառնալով նշյալ երկաթուղուն՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ անթույլատրելի է եւ տգիտություն է պանթուրքիզմի ճանապարհը «հայկական խաչմերուկ» ներկայացնելը. «Եթե դա հայկական խաչմերուկ է, ինչո՞ւ երեսուն տարում, այդ թվում՝ իրենց իսկ իշխանության անվտանգության ռազմավարությունում, չկա այդ ճանապարհը։ Դա պանթուրքիզմի ճանապարհ է»։ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Դրա մասին երազել են երիտթուրքերը, Կարաբեքիրը, Ալիեւը, Էրդողանը… Սյունիքի այդ հատվածը Սուլեյման Դեմիրելն անվանում էր «անիծյալ սեպ»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր իշխանության օրոք ինչպե՞ս կարող էր նման բան քննարկվել, եթե մեր իշխանության ժամանակ ռազմավարությունն ուղղված էր հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։ Նախիջեւանով ճանապարհ տալն ու երկաթուղի կառուցելը ՀՀ-ի համար շահեկան ներկայացնելու փորձը տգիտություն է, էլ ի՞նչ բառ ասեմ։ Դա թուրքական շահերի սպասարկում է։ Բացի այդ, ո՞նց կարելի է խոսել ապաշրջափակման օգուտի մասին, եթե մենք արդեն իսկ ունենք Իջեւան-Ղազախ երկաթուղին, որը մոտ 250 կմ-ով ավելի կարճ է եւ չի միացնում Թուրքիան Ադրբեջանին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման եւ տնտեսական շահավետության խնդիր է դրել, թող փող դնի Իջեւան-Ղազախ երկաթուղին վերագործարկելու, վերանորոգելու վրա, ոչ թե զրոյից 200 միլիոն դոլար մեր հարկերի հաշվին տրամադրի թուրքական նպատակի իրականացմանը։ Ազգային նվաստացումը պոզով-պոչով է լինո՞ւմ»։
 
Էդուարդ Շարմազանովը, խոսելով հայ-թուրքական երկխոսության ներկայիս փուլի մասին, երբ իշխանությունները պարբերաբար վկայակոչում են, թե նախորդ իշխանությունները եւս Թուրքիայի հետ բանակցել են առանց նախապայմանների, նշեց. «Այո, մեր ժամանակ բանակցվել է առանց նախապայմանների, բայց դրանք երկու տարբեր գործընթացներ են։ Մեր ժամանակ Արցախը հայկական էր, Շուշին ու Հադրութը հայկական էին, մեր ժամանակ հազարավոր զոհեր չկային։ Մեր ժամանակ երկու ճանապարհով մարդիկ այցելում էին Արցախ։ Մեր ժամանակ թուրքերը միջանցքի հարց առաջ չէին քաշում։ Բացի այդ, մեր ֆուտբոլային դիվանագիտության էր Թուրքիային դուրս մղելն արցախյան գործընթացից։ Իսկ հիմա Թուրքիան մտել է արցախյան գործընթաց, պայմաններ է թելադրում։ Շուշիի հռչակագիրը կարդացեք, կհամոզվեք։ Եւ, ամենակարեւորը, ի՞նչ նախապայման։ Թուրքիայի բոլոր նախապայմանները սրանք բավարարել են։ Կներեք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ֆուտբոլի գնդակի կարգավիճակն անգամ չունի այսօր»։
 
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
 
aravot.am

← Վերադառնալ ցուցակին