Լուրեր

Անհրաժեշտություն կա, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակվեն, դա կփակի առաջացած բոլոր թեմաները. Տիգրան Աբրահամյան

10.02.2022

 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակահատվածում տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր 100-ից ավելի զոհ որակումը, որն իրականության հետ որևէ համապատասխանություն չուներ, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

 

«Քառօրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 75 զոհ։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են։ Ներկայումս իշխանության տարբեր դեմքեր փորձում են հասկանալ, թե ինչու է տարբեր թվեր շրջանառվում։ Իրականության մեջ այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, նրա տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը դեռևս այնքան ժամանակ հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս թեմայի հետ կապված վերջնական արդյունք կլինի այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները ամբողջությամբ կհրապարակվեն։

«Անհրաժեշտություն կա, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակվեն, որոնք իրենց հետևից կարող են փակել այն բոլոր թեմաները, որոնք առաջացել են», – նշեց Աբրահամյանը։

henaran.am

← Վերադառնալ ցուցակին