Լուրեր

Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է. Տիգրան Աբրահամյան

08.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուկրաինայի ու, առհասարակ, ՌԴ սահմանակից երկրների ռազմականացումը, ՌԴ-Արևմուտք դիմակայության նոր փուլը, այդ ֆոնին ՌԴ-Չինաստան երկարաժամկետ, խորը համագործակցության նոր ձևաչափը, անոնսում է աշխարհում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման մասին։

 
Դեռ վաղ է ասել, թե գլոբալ գործընթացները ինչ վերջնական հանգրվանի կհասնեն, սակայն ակնհայտ է, որ աշխարհը նոր փոփոխությունների շեմին է։
 
ՌԴ-Չինաստան ռազմավարական երկխոսությունը որը բառիս բուն իմաստով առնչվում է տիեզերքից մինչև ներհասարակական հարաբերությունների շուրջ համագործակցությանը, դիրքորոշումների ներդաշնակեցմանը, այլևս ակտիվ գործողությունների փուլում է և ինչպիսի հանգուցալուծում էլ լինի Ուկրաինայի հարցում, այս իրողություններն արդեն անշրջելի ընթացքի մեջ են։
Եթե սրան գումարում ենք Իրանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունները Չինաստան-ՌԴ տանդեմի հետ, ապա իրադարձությունների զարգացումը բոլոր առումներով առավել հետաքրքրական է դառնում։
 
Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է և ըստ այդմ՝ դրա ազդեցությունը բոլոր տարածաշրջանների վրա ուղղակի և անուղղակի ձևով անխուսափելի է։
 
Իսկ թե ովքեր սրանից պարտված կամ շահած դուրս կգան դեռ դժվար է ասել, ամեն դեպքում արտաքին քաղաքական գծերի վերանայումների և վերահաստատումների փուլ է, որի արդյունքում նոր պայթյունների բարձր հավանականություն կա»։

← Վերադառնալ ցուցակին