Լուրեր
Քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը․ Տիգրան Աբրահամյան
05.02.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
« «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին։
Տարբեր փուլերով, տարբեր օրերի հանդիպել եմ 44-օրյա պատերազմի, Խծաբերդի և Հին թաղեր գյուղերի, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի գործով անցնող մեծ թվով զինվորականների։
Բնականաբար չեմ կարող պնդել, որ տարբեր գործերով անցնող զինվորականները որևէ սխալ, բացթողում չեն ունեցել, սակայն յուրաքանչյուրի դեպքին պետք է անհատական մոտեցում դրսևորել։
Բայց կա մի մեծ ԲԱՅՑ, քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը, կուլիսային պայմանավորվածությունները, բանակում հրահրած ճգնաժամը, զինվորականների թիրախավորումը, որն ահռելի ազդեցություն ունի և՛ 44-օրյա պատերազմի, և՛ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի, և՛ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վրա։
Ես միշտ սովոր եմ սպաներին, առհասարակ զինվորականներին հանդիպել զորամասերում, մարտական հենակետերում և շատ ծանր եմ տանում, երբ նրանց հետ հանդիպումը տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկներում՝ բանտախցերում։
Մի կարևոր հանգամանք ևս, ինչի վրա ես շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Շատ զինվորականներ, ովքեր անցնում են թվարկածս քրեական գործերով, տասնամյակներով զինված ուժերում եմ, երկար տարիներ ծառայել եմ դիրքային զորամասերում, մասնակցել տարբեր օպերացիաների, 2016 թվականի ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել և այլն։
Զինվորականներին, զինված ուժերին ինստիտուցիոնալ հարվածներ հասցնելու իշխանության քաղաքականությունը հենց այսպիսի իրավիճակ էլ պետք է ստեղծեր, իսկ սրա ծանր հետևանքներն առաջիկայում այլ դրսևորումներ կունենա»։