Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
05.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԹԱԼԻՇ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղակայված է շրջկենտրոնից 28 կմ հյուսիս` 600 մետր բարձրության վրա։ Համայնքը հարթավայրային է` ունի 6398,80 հա տարածք, որոնցից 2047,53 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 349,54 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 19 աղբյուրներ՝ «Բարակ», «Արցախ», «Նիկոլայի», «Մալականի», «Քռնով», «Տմբլի», «Շկոլի», «Կլուբի», «Մեժունց», «Սպիտակ», «Մոխանի», «Միջնաշենի», «Բժշկի», «Համամի», «Հոռի», «Միջնակ», «Դյութք», «Ճոխտ» և «Ճղպրեն»։
Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը։ Հիմնադրվել է մ.թ. 401 թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաբլուր ամրոցի Թարիջ իշխանի կողմից։ Թալիշը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, այն իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը։ Թարիջ իշխանն իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում այժմվա Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Պարտավի թագավորների ամառանոցն էր։
Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել։ Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի։ Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր ու այդ անունը պահպանվում է առ այսօր։
Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից։ Դա հաստատվում է Մովսես Կաղակատվացու «Պատմությունից», որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (Ուռեկան) ավանի մասին։ Հիշատակված 1279 թվականին անվանափոխվել է վերակառուցված Գլխո վանքը և գյուղի անունով էլ կոչվել է Հոռեկա վանք։ Հոռեկավան անունը պահպանվել է մինչև 1809 թվականը։ Բոլնիսից վերադարձած թալիշցիները ավերված գյուղը վերականգնում են այսօրվա Թալիշի տեղը և անվանակոչում այն Թբլեցիք։ 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով էլ կոչում են բնակավայրը, որն առ այսօր կրում է Թալիշ անունը։
Գյուղում է գտնվում նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում են Շիրախան գյուղատեղին, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, Հոռեկա վանքի (5-րդ դար) և Հոռեկ գյուղի ավերակաները։ Նշենք նաև, որ գյուղում կան նաև պատմամշակութային հուշարձաններ` Գլխո (Հոռեկա վանք) վանք, (1279-1284 թթ.), եկեղեցի (XVII դ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), խաչքար (XII-XIIIդդ.), եկեղեցի (1151թ.), գյուղատեղի «Դյութական» (XIII դ.), Մելիք-Բեգլարյանների ապարանք (1727 թ.), հաշվառված է 26 հուշարձան։
Մինչև գյուղի բռնազաբթումը, բնակչությունը կազմում էր 597 մարդ, կար 168 տնտեսություններ։ Բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ։ Գյուղն ուներ նաև միջնակարգ դպրոց և բուժմանկաբարձական կետ։ Թալիշում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 100 աշակերտներ, համայնքն ուներ մանկապարտեզ` 29 երեխաներով»: