Լուրեր
Այսօր մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սարդարապատում ենք հարգում մեր բոլոր զոհվածների հիշատակը, Աշոտյան
28.01.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանում շատ վայրեր կան, որ կարելի էր այցելել մեր բանակի ծննդյան օրվա կապակցությամբ:
Իհարկե, և Եռաբլուր, որտեղ հանգչում են մեր ընկերների, մեր զինակից եղբայրների, մեր որդիների և հայրերի, մեր հերոսների աճյունները:
Եվ այլ բազմաթիվ տեղեր, որոնք հայկական են մնացել մեր բանակի շնորհիվ, որոնց պաշտպանության համար հայ զինվորի արյուն է հղվել:
Այսօր մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սարդարապատում ենք հարգում մեր բոլոր զոհվածների հիշատակը, Սարդարապատում ենք նշում մեր բանակի ծննդյան օրը, որովհետև կարծում ենք, որ երկրում ստեղծված օրհասական վիճակը պահանջում է ազգային համախմբում, այնպես, ինչպես 100 տարի առաջ Սարդարապատում էր:
Որովհետև մեր ազգի և պետության գլխին կուտակված սպառնալիքները նույնն են, ինչ 100 տարի առաջ էին և նրանք չեզոքացվեցին Սարդարապատի հերոսամարտով:
Որովհետև եթե մենք չենք ուզում վերջնականապես կորցնել մեր պետությունը, մեր ինքնությունը, մեր Հայրենիքը և մեր արժանապատվությունը, ապա մեր, 21-րդ դարի Սարդարապատը դեռ առջևում է:
Մենք այստեղ ենք ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու:
Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել: