Լուրեր

Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին․ Արտակ Զաքարյան

15.01.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

««3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած «դեմոկրատիայի» ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:

 
Երեկ Կիևում, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվեցին 6 համաձայնագրեր, որոնք վերաբերում են սևծովյալ և կասպիան ավազաններում ռազմավարական համագործակցությանը, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելուն, հիբրիդային պատերազմերին համատեղ դիմակայելուն, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նոր պրոյեկտների գործարկմանը: Ընդ որում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային հաղորդակցության նպատակով կարևորվել են ՎՈՒԱՄ երկրների ներգրավվման հավանականությունը:
 Նշենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Ալիև-Զելենսկի հանդիպման ընթացքում, Զելենսկին առաջարկել էր նաև 2022թ. փետրվարին անցկացնել Ուկրաինա-Թուրքիա-Ադրբեջան գագաթաժողով՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
 
Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծից, այս պահի համար կարելի է ենթադրել, որ.
 1. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևումտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Դա հատկապես գնահատելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները:
 
 
 
2. Օգտվելով իր աշխարհագրական դիրքից՝ փորձում է Արևմուտքում և Ասիայում ընդգծել իր դերը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում: Դա իրեն հնարավորություն կտա նաև քաղաքական առումով հետին պլան մղել Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային օրակարգը:
 
3. Վերակենդանացնելով ՎՈՒԱՄ-ի գաղափարը (որը շահեկան է Արևմուտքին և մոռացության է մատնվել միայն “Արևելյան Գործընկերության” ծնվելուց հետո՝ 2009թ-ից), փորձում է հակադրվել ռուս-պարսկական “3+3” նախաձեռնությանը: Հատկապես, որ Վրաստանը դեմ է “3+3”-ին մասնակցելուն:
 
4. Չի բացառվում, նաև որ այսպես կոչված “զանգեզուրյան միջանցք” գաղափարի կյանքի կոչման համար Ալիևը փորձում է 2022թ. ընթացքում նոր միջազգային հիմնավորումներ և աջակիցներ փնտրել: Նպատակն այն է, որ մեծացնի Հայաստանի վրա միջազգային ճնշումը, և ստիպի հայկական կապիտուլյանտերին հաշվի նստել “գլոբալ շահերի” հետ:
 
5. Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը:
 
6. Առավելագույն օգուտ քաղել սկսված «հայ-թուրքական երկխոսությունից», զրկելով Հայաստանին արցախյան հարցում որևէ նախաձեռնությունից, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի մոտիվացիայից, հայկական Սփյուռքի դերակատարությունից: Բացի այդ, փորձելու են ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանին լիակատար տնտեսական և տրանսպորտային կախվածության մեջ պահել Թուրքիայից և Ադրբեջանից: Ամեն կերպ խոչընդոտելու են ՀՀ ԶՈՒ վերակազմավորմանն ու զարգացմանը: Իսկ վերջնարդյունքում, կարող են լինել նաև Արցախից ՌԴ Խաղաղապահ կոնտիգենտի, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ 102-րդ բազայի դուրսբերման պահանջները:
 
7. Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով, փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը Արբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև փորձելու են վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունությունը: Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, հնարավոր է վերածվեն կրիտիկական լարվածության, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ԵԱՀԿ ՄԽ-ում համատեղ աշխատանքի վրա:
 
Ցավոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ողբերգական վիճակին, որտեղ Հայաստանի «իշխանությունները» վերածվել են օղակը վզին գցած շնիկի: Ընդ որում օղակի մի ծայրը Մոսկվայում է (ռազմա-քաղաքական, անվտանգային միակ աջակցությունը), մյուսն Անկարայում (երբ իրենց պետք է՝ Հայաստանի և Արցախի սահմաններին սկսվում են հրաձգությունները), երրորդը՝ Բրյուրսելում (կապիտուլյանտները հույս ունեն, որ ԵՄ վարկերով կարող են գոնե մեղմել օրեցօր ահագնացող սոցիալական ճգնաժամը), չորրորդը՝ Վաշինգտոնում (առայժմ անհույս այլընտրանքի տեսքով) և այլն:
 
 
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին: Փաստացի, ոչ մի բան: Ներսում իրար բռնելով- բանտարկելով, շինծու դատավարություններով, շարունակվող պառակտումներով, «նախկին-ներկա» սպանիչ հայտարարություններով, ահագնացող թանկացումներով և ծայրաստիճան կախյալ արտաքին մեյմունություններով:
 
Նորից պետք է հիշենք Եղիշե Չարենցին.
 
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»»:
 

← Վերադառնալ ցուցակին