Լուրեր
«Մենք կատարեցինք օրեցօր կուրացող ամբոխախառը ժողովրդի կամքը և հրաժարվեցինք իշխանությունից»․ Վահրամ Բաղդասարյան
18.12.2021
«Այս համագումարը պատմական է նրանով, որ չենք հավաքվել իշխանությունը պահելու համար, հավաքվել ենք՝ որպես ընդդիմություն, բայց նպատակ չենք դնում առայժմ իշխանության գալու, նպատակը մեկն է՝ հեռացնել այս ազգադավ իշխանությանը»,- այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը կուսակցության 17-րդ համագումարում:
Նա շեշտեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն անկախ Հայաստանում առաջին գրանցված կուսակցությունն է, որը 30 տարիների ընթացքում ձևավորվեց՝ որպես անկախ երկրի ամենաքաղաքական և ամենահզոր կուսակցություն։
«Մեր իշխանության ժամանակ մեր որդեգրած քաղաքականությունը հետևյալն էր՝ միավորել ողջ քաղաքական դաշտը, ողջ հայ ժողովրդին, մենք չունեինք ներքին թշնամիներ, պայքարում էինք արտաքին թշնամու դեմ։ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է՝ ընդդիմությունը մեր ժողովրդի մի մասն է, պետությանը որքան պետք է իշխանություն, այնքան էլ պետք է ընդդիմություն, մարդու որ ձեռքն էլ կտրես, նա դառնում է անդամալույծ։
Վերջին 6-7 տարիներին ներքին վիժվածքների, արտաքին ուժերի համատեղ տեխնոլոգիաներով անմարդկային հարձակումներ սկսեցին Հայաստանի հանրապետական կուսակցության վրա, այդ գործընթացն ավելի ցայտուն դարձավ 2018-ից սկսած։ Չնայած մեր հորդորներին՝ ամբոխախառը ժողովրդին, որ անթույլատրելի է պետության և ժողովրդի արժեքներ չգնահատող, անփորձ, իշխանության տենչանք ունեցող պատահականություններին բերել իշխանության, սակայն փողոցը մնաց անդրդվելի, և մենք պետք է ընտրություն կատարեինք իշխանության և արյունահեղության միջև։ Մենք կատարեցինք օրեցօր կուրացող ամբոխախառը ժողովրդի կամքը և հրաժարվեցինք իշխանությունից։ Ժողովրդավարություն բարբաջող ուժերը սկսեցին հակաժողովրդական, անմարդկային, անբարոյական եղանակներով փորձ կատարել վարկաբեկելու, հեղինակազրկելու մեր կուսակցության համբավն ու տարեգրությունը։ Շինծու քրեական գործեր, քաղաքական հետապնդումներ, դագաղներ, ընտանիքի անդամներին և հարազատներին ահաբեկումներ, ազգը պառակտել սևերի և սպիտակների, սրանք էին ամեն գնով իշխանության հասնելու իրենց որդեգրած մոտեցումները՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով․․․»,- ասաց Բաղդասարյանը։
Մանրամասները՝ 168. am-ի տեսանյութում
Նարեկ Խաչատրյան
168.am