Լուրեր

«Թշնամու հենակետերը մետրերի հեռավորության վրա են գտնվում Տեղ համայնքի և այլ բնակավայրերի բնակիչների տներից». Տեղ համայնքի նախկին ղեկավար

18.12.2021

 Սյունիքի մարզի Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ ասաց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ հայությունն ապրում է ծանր օրեր, ավելի դժվար է, երբ դժվարանում են գտնել մոտ ապագայում իրավիճակից դուրս գալու տարբերակ:

 
«Արցախի 44-օրյա պատերազմը, մեծածավալ կորուստների հետ մեկտեղ, իր բացասական ազդեցությունը թողեց մեր ազգի հոգեբանության վրա: Մարդիկ մոլորված են, ընկճված, մարդիկ ապագայի հույսը նույնացնում են ինքնախաբեության հետ: Չնայած այս անելանելի իրադրությանը, մենք պարզապես իրավունք չունենք հանձնվելու, քանի որ սահմանին կանգնած զինվորը և թշնամու թիրախի տակ ապրող գյուղացին չեն հանձնվում: Հենց նման օրերին է, որ ուժեղ կամքի դրսևորումն է, որը մեզ օգնում է ելք գտնել»,- իր խոսքում նշեց Ներսես Շադունցը:
 
Ըստ նրա, նման իրավիճակում պետք է լինել նվիրյալ, շրջահայաց, հաստատակամ և պետք չէ սպասել շնորհակալության ու ծափահարությունների, երկրին ծառայելը չարչարանք է, և հայոց պատմության էջեր կմտնեն նրանք, ովքեր բեռը կտանեն առանց վարանելու:
 
«Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ծավալել ակտիվ գործունեություն, պետք է դուրս գալ պայքար մղելու կարծրացած շրջանակներից, առաջ քաշել կոնկրետ լուծումների առաջարկներ, աղմուկին պատասխանել կշռադատված խոսքով: Ես 5 տարի եղել եմ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար, նաև այն ժամանակահատվածում, երբ մենք գտնվում էինք և շարունակում էինք գտնվել արհավիրքային իրավիճակում, 44-օրյա պատերազմի հետևանքով, տեսել եմ, թե ինչ լուրջ մարտահրավերներ են առաջացել վերջին շրջանում: Այսօր թշնամու հենակետերն ընդամենը մետրերի հեռավորության վրա են գտնվում Տեղ համայնքի և Սյունիքի մարզի այլ բնակավայրերի բնակիչների տներից: Այս իրադրությունն առաջացրել է չափազանց բարդ իրավիճակ այդ մարդկանց համար, սակայն շատերը դրա մասին պատկերացում չունեն: Հանրային տիրույթում բացակայում են լուրջ քննարկումներ, մեքն պետք է լրացնենք նման բացերը, անհրաժեշտ է վեր հանել այդ խնդիրները և դրանց տալ լուծումներ, հենց այս եղանակով պետք է պատասխանենք աղմուկին»,- հավելեց Ն. Շադունցը:
 
Նրա կարծիքով՝ այսօր կա այն ներուժը, որով հնարավոր է դուրս գալ իրավիճակից և աշխատանքներ տանել Արցախի հարցի շուրջ:
 
«Այսօր կարծես թե Արցախի ինքնորոշման իրավունքը մղվել է երկրորդ պլան, ինչն անթույլատրելի է: Սա նշանակում է, որ մենք մենակ ենք թողնում մեր հայրենակիցներին այս դժվարին օրերին, պետք է ուժեր ներդնենք, որպեսզի Արցախի հարցը նորից բերենք օրակարգ: Արցախցին պետք է զգա, որ կան ուժեր, որոնք շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար»,- ընդգծեց նա:
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
 
Զվարթ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին