Կառավարության եւ ազգային ժողովի միջեւ հարցուպատասխանի ժամանակ դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բղավեց ընդդիմադիր խմբակցությունների վրա՝ պնդելով, թե Արցախը հանձնածներն իրենք են՝ նախկինները։ «Պատերազմը կանխելու միակ ձեւը տարածքները տալն էր առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման։ 2018թ.-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Ավելին՝ 2016թ.-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, եւ Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»,- պնդում արեց Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ իր հերթին ասել էր. «2019թ.-ի առաջարկներում նորություն չի եղել։ Սկզբից 5, հետո՝ 2 շրջան վերադարձնելը՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման. յոթ շրջանի վերադարձ՝ կարգավիճակի հարցի հստակեցման հետաձգմամբ։ Ուզում եք Լավրովի պլան կոչեք, ուզում եք՝ Մինսկի խմբի առաջարկ կոչեք։ Փաստաթղթի բովանդակությունը 2016թ. հունվարից հետո չի փոխվել»։
«Առավոտը» ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրեց պարզաբանում ներկայացնել՝ 2018թ.-ի դրությամբ առկա բանակցային օրակարգի մանրամասների վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ շեշտեց. «Հազար ու մի անգամ արձագանքել եմ նման անհեթեթություններին, բայց մեկ անգամ էլ կասեմ. 2016թ.-ի դրությամբ բանակցային ժառանգության մասին լավագույնս խոսել է Նիկոլ Փաշինյանի «կառուցողական գործընկեր» Իլհամ Ալիեւը՝ հոկտեմբերի յոթին Ադրբեջանի կառավարության նիստում պարզ ասելով, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Բա եթե բանակցային ժառանգությունը հողեր տալու մասին էր, իսկ կարգավիճակի ու անկախության մասին խոսք չկար, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ալիեւը նման բան է ասել։ Ինչպես հիմա Նիկոլն է խեղճացած ասում՝ «էյվազլի», այն ժամանակ էլ Ալիեւն էր խեղճացած ասում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա մեկ։ Երկրորդ, վերջերս ՌԳ ԱԳՆ-ն տվեց բանակցային ժառանգության ողջ փուլերն իրենց մանրամասնությամբ։ Մինչեւ այդ էլ 2019թ. հունվարին ԵԱԽՀ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էր տվել. սեւով սպիտակի վրա գրված է, որ լինելու է վերջնական կարգավիճակի խնդիր, ավելին՝ պետք է լինի հանրաքվե՝ ԼՂ բնակչության։
Այդտեղ «Ադրբեջան» բառ չկա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լկտիաբար ստում է…փաստաթուղթը ես հրապարակել եմ իմ էջում՝ ռուսերեն բնօրինակով, որում հստակ ամեն ինչ գրված է։ Լավրովն ասել է, Պոպովը եւս, որ սրանք սուտ են խոսում, էլ ես ի՞նչ մեկնաբանեմ նման ապուշությունը։ Բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե 2018թ.-ին պետք է ամեն ինչ տար, որպեսզի պատերազմ չլիներ, բա ինչո՞ւ էր խորհրդարանում ասում, թե Ալիեւը «կառուցողական» է։ Բա որտե՞ղ էր Ալիեւի կառուցողականությունը, թե նա մեզանից ամբողջն ուզում էր։ Բա այդ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ասում էր, թե ամեն ինչ սկսում է իր՝ սեփական կետից, որ պետք չի անհանգստանալ՝ ինչ ուզում, դա էլ բանակցում է։ Այդ ինքն է հրաժարվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններից։ Ես ուղղակի զարմանում եմ, որ կապիտուլյացիայից մեկ տարի անց մենք դեռ նման բաներ ենք քննարկում, պատասխանում այդ մարդու ասածներին։ Ամեն ինչ շատ պարզ է։ Նա ծրագրված գնացել է պատերազմի եւ ծրագրված մսխել է հայկական շահերը։ Նորից եմ ասում՝ եթե 2018թ.-ի դրությամբ իր ասած վիճակն էր, ինչո՞ւ էր ասում, թե Արցախը Հայաստան է եւ վերջ…»։ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը լավագույնս նկարագրել է Իլհամ Ալիեւը՝ ասելով, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը. «Այո, 2016թ.-ին բան էր փոխվել հօգուտ Հայաստանի՝ ի դեմս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների։ Երկրորդ, 2018թ.-ից հետո Պոպովը հստակ ասել է, թե ինչ ժառանգություն կա։ Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի հայտնի ձայնագրությունը բա ի՞նչ էր։ Կամ, Իլհամ Ալիեւը ո՞նց հայտարարեց 2018թ.-ին, որ Ադրբեջանը մասնակցել է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացմանը, այսինքն, հայկական բառապաշարով ասած՝ թափշյա հեղափոխության փայատեր է եղել։ Բա եթե նախկին իշխանությունն ամեն ինչ տվող էր, Ալիեւը ինչի՞ էր ասում, թե ներդրում ունի դրանում։ Այսինքն, նախկինները տվող էին, Ալիեւն էլ մանկուց երազում էր, որ Նիկոլը դառնա վարչապետ, Նիկոլից վերցնի՞ … եթե մի մարդ ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան չի ասում, որ այո, Շուշին ու Հադրութն օկուպացված են, էլ ի՞նչ եք ուզում։ Նա վախենում է դա ասել։ Սպասեք նրան, որ վաղը չէ մյուս օրը կասի, թե կապիտուլյացիայի տակ իր ստորագրությունը չէ, ինքը չի եղել, մենակ Պուտինն ու Ալիեւն են եղել…»։
Նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաեւ հետեւյալն էր ասել. «Մեզ ասում էիք՝ կանխեք պատերազմը… մինչեւ հիմա ձեր երկու քաղաքական ուժերը չեն հայտարարել՝ եթե 2020թ.-ին իրենք լինեին, կանեին այս-այս-այն, որ կանխվեր պատերազմը։ Ինչո՞ւ չեք ասում»։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ո՞նց չենք ասել։ Առաջին օրվանից ենք հայտարարել։ Այդ խելոքին ասեք, որ երբ մենք էինք իշխանություն, մեր օրոք եղել է պատերազմ, եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը հաղթել են, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով աղերսել է զինադադար։ Կարո՞ղ է այդպես չի։ Ադրբեջանը չի կարողացել գրավել որեւէ հայկական բնակավայր։ 2016թ.-ին, երբ մեր օրոք պատերազմ եղավ, տեսանք, թե ոնց է բանակը կռվել, ոնց են բանակի ղեկավարությունն ու խորհրդարանն իրենց դրսեւորել, ու դրանից հետո քանի արտասահմանցի պատգամավոր է ժամանել, ու ինչպես է դրսեւորվել մեր հռետորաբանությունը։ Այդ պատերազմում մենք եւ ռազմի դաշտում ենք հաղթել, եւ դիվանագիտության դաշտում՝ ի դեմս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների։ Դրան հաջորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում եղել է ինքնորոշման իրավունքի իրացումը։ Իսկ 2020-ի դրությամբ կանեինք նույնը, ինչ 2016-ին ենք արել. մայիսի իննին ուլտիմատում չէինք ներկայացնի համանախագահներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից չէիք հրաժարվի, բանակցային բովանդակության մանրամասներն Ալիեւից չէինք իմանա, Դուշանբեում սեպարատ պայմանավորվածությունների չէինք գնա, Արցախի հերոսներին չէինք վարկաբեկի ու կալանավորի, չէինք հարձակվի եկեղեցու ու ազգային արժեքների վրա, չէինք գնա Ստեփանակերտ ու ասեինք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա շինծու քրեական գործ չէինք հարուցի, Պուտինին կդիմավորեինք ինչպես հարկն է, որովհետեւ դա մեր երկրի օրենսդրության պարտադիր պայման է, չէինք արհամարհի մեր ռազմավարական դաշնակցին, երբ ՀԱՊԿ-ը պլան էր տալիս, կգնայինք-կմասնակցեինք, կաշխատեինք հետները, չէինք ասի՝ «Լավրովը թող ադապտացվի» եւ այսպես շարունակ։ Ինքը մոռանում է ասել ամենակարեւոր բաները։ Մի հատ հարցրեք նրան՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին ինչո՞ւ չի լսել ՌԴ նախագահին, որը հարցազրույցում ասել էր՝ «Ի զարմանս ինձ, մեր հայ գործընկերները չընդունեցին այն առաջարկը, որով հարավում աննշան տարածքներ էին անցնում Ադրբեջանին, իսկ Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ»… եթե այդպես չի, թող ալամ աշխարհի դիմաց կանգնի ու ասի, որ Պուտինը սուտ է խոսում։ Պուտինն ասել է՝ «Ադրբեջանը համաձայն է եղել, Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել»։ Ընդ որում, շատ լավ իմանալով, որ այդ պայմաններն ավելի լավն են եղել։ Նոյեմբերի իննին որ գնում էր ստորագրելու, հողեր տալու վերջնաժամկետ կար, բայց գերիներ վերադարձնելու ժամկետ չկա՞ր։ Բա որ բոլորը բոլորի դիմաց էին, ինչո՞ւ ադրբեջանցի բոլոր գերիներին տվեց, իսկ մեր գերիներին թողեց այնտեղ»։
Նշյալ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաեւ պնդում արեց, թե բանավոր պայմանավորվածությունների մասին խոսք լինել չի կարող։ Սա առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների զարմանքը, որովհետեւ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցադրումներին, թե Կովսականից եւ Սանասարից ինչու են հայկական ուժերը հետքաշվել մինչեւ Սյունիքի սահման՝ ասել էր, որ դա իր հրամանն է եղել պաշտպանության այդ ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանին եւ որ դա տեղի է ունեցել բանավոր փոխըմբռնման արդյունքում։
Այս առնչությամբ էլ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Ինքն է խորհրդարանում հայտարարել, որ Վաղարշակ Հարությունյանին ինքն է հրամայել։ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ինքը բառացի ասաց, որ դա եղել է բանավոր ըմբռնման արդյունքում։ Սա փաստ է։ 3,5 տարի ասում է՝ «կապացուցենք, կապացուցենք»։ Դե ապացուցի, արա՜։ Այսինքն, ասելու ես, որ Լավրովը, Պուտինն ու Պոպովը սուտ են ասո՞ւմ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սուտ են ասո՞ւմ։ Տղա ես՝ կանգնի տղամարդավարի ասա, որ Պոպովը փաստաթուղթ ներկայացնելիս խաբում է, որ Լավրովը խաբում է։ Տղա ես՝ կանգնի ասա, ինչի՞ ես ժողովրդիցդ թաքցնում։ Կանգնի տղամարդավարի ասա, որ ՌԴ ԱԳՆ-ն, ԵԱՀԿ համանախագահությունը խաբում են։ Կարա՞ս…միանգամից ընդդիմության վրա է գոռում, մինչդեռ ընդդիմությունը Լավրովի եւ Պոպովի խոսքերն էր մեջբերում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
aravot.am