Լուրեր

Իշխանության կողմից խաբեության շարունակական գործողությունները Հայաստանն անընդհատ պահելու են ներքին և արտաքին ցնցումների մեջ․ Արտակ Զաքարյան

13.12.2021

Սահմանային շարունակվող լարված վիճակը ցույց է տալիս, որ բանակցություններում կապիտուլյանտները չեն կարողանում Հայաստանի շահերից բխող օրակարգերն այնպես ձևակերպել, որ Ադրբեջանի համար այլընտրանքներ չմնան։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

 
«Ըստ էության, գոյություն ունեցող հակասությունները բերում են նրան, որ Ադրբեջանը, շատ հեշտությամբ օգտվելով սրանց թուլամորթությունից, կիրառում է զինուժ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Քանի դեռ կապիտուլյացիա ստորագրողները շարունակում են Հայաստանի անունից հանդես գալ, ցավոք մեր սահմանները լինելու են նույն վիճակում, ինչ այսօր կա»,–ասաց նա։
 
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ այստեղ էլ հստակ  երևում է, որ իշխանությունը չունի կողմնորոշումներ և դռնից դուռ են վազում՝ խոսելով մի տեղ անվտանգությունից, մյուս տեղը՝ գոյություն չունեցող ժողովրդավարությունից, գոյություն չունեցող տնտեսական հնարավորություններից։ «Այսինքն՝ ներսում և դրսում շարունակական խաբեության գործողություններն անընդհատ Հայաստանը պահելու են ներքին և արտաքին ցնցումների մեջ»,–ասաց նա։
 
Ինչ վերաբերում է խաղաղության հարցին, նա ասաց, որ խաղաղությունը չի երևում քանի Ադրբեջանի ախորժակը գնալով բացվում է, և Ադրբեջանը միայնակ չի գործում։
 
«Ադրբեջանը  գործում է Թուրքիայի, թուրքախոս ժողովրդների անունից՝ ստանալով չերևացող քարտ բլանշ։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները չունեն լուծումներ։ Փորձում են ընթացիկ, օպերատիվ լուծումներով առաջ շարժվել՝ առանց հասկանալու, որ դա ավելի է խորացնում Հայաստանի խնդիրները։ Իսկ անընդհատ բանակի վրա թողնել չլուծված խնդիրը, տանել ավելի խորը հակամարտության, անընդհատ սպասել, որ սահմանի այս կամ այն հատվածում լինելու են բախումներ, գողություններ, ներթափանցման փորձեր, սա Հայաստանի Հանրապետության և հատկապես մեր քաղաքացիների համար անընդհատ բերելու է բացասական զարգացումների, և մարդիկ արդեն ավելի մեծ ծավալով սկսել են մտածել արտագաղթի մասին»,–ասաց նա։
 
Ըստ նրա՝ այս իրավիճակը փոխելու միակ, ուղիղ ճանապարհը Հայաստանում իշխանափոխություն կատարելն է այն ուժերի միջոցով, որոնք հստակ գիտեն, ինչպես են կարճ ժամանակում կարգավորել բոլոր տեսակի կարևորագույն կենսական խնդիրները։
 
Խոսելով այն մասին, թե ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը չի ուզում իշխանափոխություն, Արտակ Զաքարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ժողովուրդն ուզում է շարունակական տարածքային կորուստներ, որ անընդհատ բանակում զոհեր ունենանք։
 
«Ես կարծում եմ՝ այս քաղաքական իշխանությունները, օգտագործելով հեշտ մոլորվող հատվածի հույզերը և անընդհատ խաբեության մեջ պահելով՝ իրենց իշխանության մնալու հարցն են լուծում, քանի որ այլապես հասկանում են, որ մտնելու են ծանր պատասխանատվության փուլի մեջ»,–ասաց նա։
 
Անդրադառնալով բանակի մարտունակության վրա քաղաքական լարումների հնարավոր ազդեցությանը՝ Արտակ Զաքարյանն ասաց․«Ներքաղաքական իրավիճակը, իշխանությունների անկարողությունը ազդում են բանակի վրա։ Մեր բանակը քաղաքական ուժեղ իշխանություն չի տեսնում թիկունքում, բայց ուրախ եմ, որ բանակի ներսում որոշակի ոտքի կանգնելու, մեջքերն ուղղելու բարոյահոգեբանական իրավիճակ եմ տեսնում, որը ապագայի նկատմամբ ռազմական տեսակետից մի փոքր հույս է տալիս, իսկ քաղաքական առումով՝ որևէ դրական տեսլական ապագայի նկատմամբ գոյություն չունի, քանի այդ հարցը կապված է կապիտուլյանտների հետ»։
 
tert.am

← Վերադառնալ ցուցակին