Լուրեր

«Սերժ Սարգսյանի թիրախավորումը շարունակվում է, և ամենայն հավանականությամբ, Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը»․ Զաքարյան

22.11.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտ Նիկոլն ակտիվորեն շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ներսից պայթեցնելու իր դավադիր արշավանքը:

 
Նախկին իշխանությունների, և հատկապես նախագահների նկատմամբ քրեական շինծու գործերի, կեղծ մեղադրանքների, զրպարտանքների ցուցադրական «շքերթով» քանդեց հասարակության միասնականությունն ու բարոյալքեց բանակը:
 
Արդյունքում հանձնեց Արցախը, ավիրեց հայկական պաշտպանական համակարգը, Հայաստանին զրկեց իր սահմանային անվտանգության բոլոր գոտիներից, Սյունիքի սահմանները նվիրեց թշնամուն իսկ բնակավայրերը դարձրեց թշնամու թիրախ:
 
Սերժ Սարգսյանի դեմ երկրորդ շինծու մեղադրանքն առաջադրելով՝ կապիտուլյանտը հասարակության ուշադրությունը շեղում է Հայաստանի մի շարք այլ տարածքներ թուրքերին հանձնելու իր հաջորդ դավադիր որոշումից:
 
Եթե հիշում եք, այս տարվա հոկտեմբերի 1-ին, ՀՀԿ ծաղկաձորյան կոնֆերանսի իր ելույթում, ՀՀ 3-րդ Նախագահ Սարգսյանը պատասխանեց Ալիևի հոխորտանքներին՝ ասելով.
 
…«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ…Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են»:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի թիրախավորումը շարունակվում է, և ամենայն հավանականությամբ, Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը:
 
Կեցցե՛ն հայ քննիչները, դատախազները, դատավորներն ու նիկոլապատկան մյուս մարմինները, որոնք չգիտեն, թե իրականում ի՞նչ են անում: Նրանք օգնում են Նիկոլին՝ հանձնել իրենց իսկ հայրերի ու պապերի Հայրենիքը:
 
Իսկ հայկական իրավական համակարգի մեր «հերոսները» գիտե՞ն արդյոք, թե ինչ են պատասխանելու իրենց երեխաներին ու թոռներին, երբ վերջիններս հարցնեն, թե ինչո՞ւ էին շինծու գործերով հանդես գալիս Արցախի հերոսների դեմ»։

← Վերադառնալ ցուցակին