Լուրեր
Միամիտ մի եղեք ու հասկացեք․ Շարմազանով
17.11.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը ցանկանում էր իրականում ոչ թե դիմել Ռուսաստանին, այլ ստեղծել դիմելու իմիտացիա, որը հետագայում հնարավորություն կտար ներկայացնել՝ որպես մերժվելու ու ՌԴ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու ապացույց՝ դրանից բխող արտաքին քաղաքական վտանգավոր հետևանքներով։
Դրան կհաջորդեին նիկոլական երեսփոխանների կեղծ հայրենասիրական եւ հակառուսական կոչերը,որի արդյունքում սկիզբ կդրվեր Հայաստանի արտաքին քաղաքական նոր կուրսին։
Ինչու՞ Փաշինյանը ո՛չ Անվտանգության խորհրդի նիստում եւ ո՛չ էլ Պուտինի հետ հեռախոսազրույցում չի խոսել Ռուսաստանին պաշտոնապես օգնության խնդրանքով դիմելու մասին, եթե ամբողջ օրը նրա քարոզիչները «բոչկա» էին գլորում ՌԴ-ի ուղղությամբ։
Պատասխանը պարզ է. նպատակը ոչ այնքան ՌԴ-ից ռազմական օժանդակություն ստանալն էր ,որքան հակառուսական աղմուկ հանելը, ինչն էլ ամբողջ օրվա ընթացքում իրականացնում էին նրա «սազանդարները»՝ վտանգելով պետական շահն ու անվտանգությունը։
Ասել եւ ասում եմ՝ ՌԴ-ի հետ դաշինքին այլընտրանք չկա։
Այլընտրանքը ՝ Հայաստանի թուրքական վիլայեթ դառնալն է։
Միամիտ մի եղեք ու հասկացեք, որ Արեւմուտքի նավերը այդպես էլ չեն կարող եւ չեն ցանկանում բարձրանալ Հայաստանի լեռները»։