Լուրեր
Ես չեմ զարմանա, եթե սրանք մի օր որոշեն Զաքիր Հասանովին էլ ներգրավեն 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում. Ա. Զաքարյան
04.11.2021
Ես չեմ զարմանա, եթե սրանք մի օր որոշեն Զաքիր Հասանովին կամ Նիքվեդին Սադիկովին էլ ներգրավեն 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում, որ լիարժեք հնարավոր լինի ամբողջ պատերազմի մեղքը բարդել հայկական բանակի եւ նախկին իշխանությունների վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Արդյոք այս պատերազմն անխուսափելի էր, թե ոչ: Եթե չլինեին 22016-ի ապրիլյան մարտական գործողությունները, ես գուցե ասեի, որ այս պատերազմը կարող էր տեղի ունենալ: Բայց 2016-ի գործողությունները փակեցին ԼՂ խնդիրն ուժային եղանակով լուծելու բոլոր հնարավորությունները, բացեցին կոնֆլիկիտի կարգավորման համար նոր քաղաքական պատմություն
Իսկ դա նշանակում էր, որ կոնֆիլկտը պետք էր կարգավորել շատ արագ, միայն խաղաղ ճանապարհով՝ հենվելով բոլոր այն երեք սկզբունքների վրա, որոնք շատ երկար ժամանակ՝ 2007-ից սկսած եղել են կարգավորման հիմքում։ Իսկ կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խմբի հմանախագահությունն է։ Ցավոք, այդ ընթացքը կասեցրեց թավշյա հեղափոխությունը, որը փաթաթվեց մեր ժողովրդի գլխին»,-ասաց Զաքարյանը:
Նա հույս հայտնեց, որ մի քննիչ հանձնաժողով էլ հեղափոխության իրականացման հանագամանքների ուսումնասիրման նպատակով հետագայում կստեղծվի, քանի որ պատերազմն ու աղետը հենց հեղափոխության հետևանքն են։
Բանախոսը հիշեցրեց, երբ իշխանության էր եկել Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էր, թե տեսեք, էլ շփման գծում չեն կրակում, զոհեր չկան։
«Իսկ հարց չառաջացա՞վ, թե որն է դրա գինը։ Արդյոք Դուշանբեի վերելակում պայմանավորվածությունները դրա՞ն չէին վերաբերում։ Օրինակ, եկեք մի կրակեք, մենք գնում ենք ընտրության, ունենանք մեծամասնություն, առանց ընդդիմության, զսպող մեխանիզմների, իսկ ովքեր էլ մեզ ընդդիմանան անունը կդնենք թալանչի, կողոպտիչ, հասարակությունն էլ կասի՝ ինչ ուզում եք արեք»,-կասկած հայտնեց ՀՀԿ-ական գործիչը։
Նա հիշեցրեց նաև բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին Փաշինյանի հայտնած դիրքորոշումն այն պարագայում, երբ աշխարհն առաջնորդվում է եղած պայմանավորվածությունների հիման վրա. «Պատկերացրեք՝ նույն ՌԴ-ն որքան դիվանագիտական և քաղաքական ջանք է տարիներով դրել ԼՂ խնդրի կարգավորման վրա։ Նույնը ԱՄՆ-ն՝ տարիներով։ Հազարավոր պայմանավորվածություններ, հազարավոր հավասարակշռումներ, բալանսներ։ Նույնը ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի՝ տարիներով, հազարավոր քաղաքական գործընթացներով։ Իսկ սրանց թվում է, թե սա իրենց խմբագրության հերթական հոդվածը հետ ու առաջ անելն է՝ առանց հասկանալու, որ գործ ունեն աշխարհի հետ, որը կատակներ, առավել ևս, «կապրիզներ» չի սիրում, և չի կարելի աշխարհի հետ խոսել այնպես, ինչպես դու խոսում ես քո միտինգի ժամանակ», - շեշտեց Զաքարյանը։
Նրա խոսքով, հայկական իշխանությունների բազմաթիվ անլրջություններ բերեցին նրան, որ ասացին՝ ձեր մուրը ձեր գլուխը, զսպման մեխանիզմներ չեն լինելու, Թուրքիան էլ տեսավ, որ ձեռքերն արդեն ազատ են, կարելի է տարբեր երկրներից ջիհադիստներ բերել:
Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահ է, որ պատերազմը կարող էր չլինել և չպետք է լիներ. «Բայց ցավոք, եղավ, քանի որ իշխանության հայտնվեցին մարդիկ, որ խաղաղությունն ու պատերազմը լավ չեն տարբերում, կամ գուցե պարտությունը հենց իրենց էր պետք, որ հայ ժողովուրդն ունենար նման ողբերգական հետևանքներ։ Դա էլ ցույց տվեց պատերազմի ընթացքը։
Աշխարհում կա մի հայտնի ասացվածք, պատերազմը շատ ավելի լուրջ զբաղմունք է, որ վստահեն միայն զինվորականներին, քաղաքական գործիչներն են զբաղվում պատերազմ լինել-չլինելու, այն վարելու, կառավարելու, ճիշտ պահին կանգնեցնելու, հետաձգելու, վերսկսելու որոշումներով»,-ասաց նա:
news.am