Լուրեր
Փակ նիստի տրամադրությունները չէին հուշում, որ մենք բանակցային որևէ առավելություն կարող ենք ունենալ. Մամիջանյան
27.10.2021
«Երեկվա փակ նիստի շրջանակներում հնչած կարծիքներից և այն փաստից, թե ինչպես էին խոսում մեր բանակի բարձրաստիճան սպաները, հստակ երևում էր, որ ինչ-որ մեկը, իրեն քաղաքական գործիչ երևակայած մի մարդ, սովորեցրել է հայոց բանակի սպաներին՝ ինչպես չպատասխանել , ինչ հղումներով չպատասխանել ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք ուղղված էին իրավիճակին, անվտանգային համակարգի բարելավմանը»,- սահմանին իրավիճակի և անվտանգության խնդիրների շուրջ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի մասնակցությամբ նախօրեին կայացած փակ նիստին այսպիսի գնահատական է տվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ Tert.am-ի թղթակցի հետ զրույցում։
Պատգամավորը, զերծ մնալով բուն քննարկման մանրամասները ներկայացնելուց, շեշտել է միայն, որ անվտանգային իրավիճակի լուծման առումով լավատեսության հիմքեր չկան
«Փակ նիստում եղած տրամադրությունները չէին հուշում, որ մենք բանակցային որևէ առավելություն կարող ենք ունենալ։ Ես չեմ կարող ասել, թե արդյոք մի շարք լրատվամիջոցների՝ «սեփական աղբյուրների» հիման վրա տարածած տեղեկատվությունը նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթերի մասին իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ես չեմ պատկերացնում, թե նման հիմնական բանակցողը, որը վախենում է բարձրաձայնել, որ մեր հայրենիքի մի հատվածն օկուպացված է, որը չի պատասխանում թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ հայտարարություններին, որը գերիների վերադարձի հարցը նախընտրական քարոզարշավի մաս է դարձնում, ո՞նց պետք է հայանպաստ բանակցի»,- շեշտել է պատգամավորը։
Հայկ Մամիջանյանը հավելել է նաև, որ երբ տեսանելի լինեն ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրման իրական նախադրյալները, չի ուշանա նաև արձագանքը։
«Եթե դա լինի այն հակահայկական տրամաբանության մեջ, որը որոշ փորձագետներ կանխատեսում են, կպայքարենք մինչև վերջ։ Այդ դեպքում մինչև ստորագրումը, սկսած իրեն ֆիզիկապես Մոսկվա հասնել թույլ չտալուց, անելու ենք։ Թե որքանով դա կհաջողվի, կախված է բոլորիցս։ Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ այս խնդիրը լուծեք, ճիշտ են անում, բայց գոնե թող մեր կողքին կանգնած այդ պահանջը ներկայացնեն», – ասել է Հայկ Մամիջանյանը։
henaran.am