Լուրեր

ՄԻՊ աշխատանքը ամբողջ հասարակությունը տեսնում է․ Մարգարիտ Եսայան

20.10.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Լուրերն էի լսում եւ ականջիս դիպավ մի լուր այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ ՄԻՊ -ին։
Ավելի զավեշտալի, ըստ իս՝ ողբերգական, իրավիճակ դժվար է պատկերացնել։
ՄԻՊ աշխատանքը ամբողջ հասարակությունը տեսնում է, գրասենյակը միակ կարգին եւ սրտացավ աշխատող կառույցն է, իրական աշխատանքով է զբաղված։
 
Եւ ահա, մեկ էլ ցցուն է դառնում, որ ՊՆ-ն հերքում է իր երկրի ՄԻՊ-ին, հօգուտ ադրբեջանի․․․
Իսկ կատարվել է ահա թե ինչ, ՄԻՊ-ը հոկտեմբերի 18-ին տեղեկացրեց հետեւյալը․ «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
 
Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:
 
Այս տվյալները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փատահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են հավաստի ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:Սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ»:
 
Սրանք այնքան ակնհայտ փաստեր են, որ այդ տարածքների բնակիչները ամեն օր զգում են իրենց մաշկի վրա, ահազանգում են, գրում․․․Եւ մեր երկրի ՊՆ-ն, փոխանակ մարդկանց անվտանգության ապահովմամբ զբաղվի եւ այս կարգի դեպքերը փորձի բացառել, ոչ ավել, ոչ պակաս ՄԻՊ-ին է ուզում «սխալ հանել», հօգուտ ադրբեջանցիների։ «Կուրծ ծեծելով բացատրում է» ․«Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ»։ Հետո էլ թե․ «պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից»։ Հարց, եթե չկան նման դեպքեր, ինչն եք «կանխում», կամ՝ կանխո՞ւմ եք արդյոք․․․։ Եւ, ապա, կոչ են անում «մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ»։
Իմ սուբյեկտիվ կարծիքով, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականությունը միասին խեղաթյուրելու հրավեր-առաջարկ, չէ որ թեման «զգայուն է»։
 
Այս ամբողջ պատմությանը չէի անդրադառնալ, եթե այսքան ակնհայտ չլիներ փաստը, կարծես փորձ է արվում պաշտպանել մեր երկիր ներխուժածներին,եւ ակամա ուզում ես հայտնի հարցը տալ՝ հարգելի ՊՆ, հիմա դուք մե՞ր ընկերն եք, թե՝ արջի․․․
Եւ, կարեւոր եւս մեկ հարց, հարգելի ՊՆ, դուք հերքում եք նաեւ հետեւյա՞լ փաստը, որ «Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»։
Դե, ապրեք, ի՞նչ ասեմ․․․․Ուղղակի՝ ամոթ․․․»:

← Վերադառնալ ցուցակին