Լուրեր

«Դուք սեփական որդիների արյունով կայացած Հայրենիքի վրա «առևտուր արած» կերպարներ եք, ո՞վ պետք է ձեր հետ հարց քննարկեր» , Արտակ Զաքարյան

14.10.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտներն այնպիսի առոգանությամբ ու հրճվանքով են արտասանում՝ «միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում» բառերը՝ կարծես շուրջ 9500 ք.կմ (950.000 հա) հայրենի հողը իրենց իշխանությունը չի հանձնել նույն թուրքերին։

 
Ընդ որում՝ հանձնել բառի բացատրական իմաստով, մոտավորապես այսպես. «գարդաշլար, հո՞ղ եք ուզում, խնդրեմ վերցրեք, բայց որպեսզի Նիկոլին տանը չասեն դավաճան, պետք է պատերազմում հնարավորինս շատ զոհեր տանք, որպեսզի «հպարտ քաղաքացիները» վախենան ցանկացած պատերազմից և հետո ինչ ուզեք՝ տան նաև Հայաստանից»։
 
Արցախի հողերը ստանալուց հետո, երբ կապիտուլյանտի գարդաշ Ալիևն ու յոլդաշ Էրդողանը, շուրջ 9 ամիս շարունակ (2021թ. հունվարի 11-ից սկսած) պաշտոնապես խոսում էին «զանգեզուրի կամ նախիջևանի միջանցքի» մասին՝ մեզ մոտ, պաշտոնական Երևանում՝ կապիտուլյացիոն լռություն էր։ Միայն ռադիկալ ընդդիմությունն է կտրուկ մերժել, և մերժում որևէ տիպի միջանցքի գոյության հնարավորությունը։
 
Նիկոլն ու իր օտարածին խունտան, Ցռան Վերգոյի «քաջությամբ», լուռ ու մունջ հետևում էին, թե ինչպես էր բզկտվում Սյունիքի սահմանները։ Եվ ոչ մի ծպտուն, առավել ևս որևէ գործողություն երկրի անվտանգության, ու տարածքային ամբողջականության համար չեն ձեռնարկել։
 
Այժմ, երբ Թուրքիայի ընդլայնմանը դեմ հանդես եկող Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը,Չինաստանը (նույնիսկ Վրաստանը), յուրաքանչյուրն իր տրանսպորտային, անվտանգային, արժեքային կամ հեռահար ռազմավարական շահերից ելնելով, դեմ են Սյունիքում որևէ կարգավիճակային փոփոխությանը՝ մեր Ցռան Վերգոները, Մաուգլի մուլտֆիլմի հայտնի կենդանու պես լեզու են առել ( …а мы уйдём на севе, а мы уйдём на север)։
 
Հայտարարում են, որ «ոչ մի միջանցքի հարց չի քննարկվում»։ Բա որ չեք քննարկել, նախորդ 10 ամիսներին ի՞նչ էիք անում։ Ախր, ո՞վ եք դուք, որ քննարկեիք կամ չքննարկեիք։ Դուք ապրանք վաճառող էժանագին մանրավաճառի պես, կողքից հետևել եք, թե ինչպես են գնորդներն ու կողոպտիչները առևտուր անում ձեզ վստահված Հայրենիքի շուրջ (կներեք՝ կոպիտ համեմատության համար)։
 
Դուք սեփական որդիների արյունով կայացած Հայրենիքի վրա «առևտուր արած» կերպարներ եք, ո՞վ պետք է ձեր հետ հարց քննարկեր։ Դուք ընդամենը լուռ ու մունջ կատարել եք այն, ինչ ձեզ հանձնարարել են ուժային կենտրոնները։ Վաղը եթե Աստված մի արասցե, նույն ուժային կենտրոնները չխանգարեն Թուրքիային, դուք մեծ ոգևորությամբ պատմելու եք, որ թուրք-ադրբեջանական «ապաշրջափակումը» 100%-ով բխում են Հայաստանի շահերից (այնպես, ինչպես ձեր կապիտուլյանտ ղեկավարը մի անգամ բլթացրել է արդեն)։
 
Այո, Սյունիքով ոչ մի միջանցք կամ առանձին ստատուսով որևէ ճանապարհ, երբեք չպետք է լինելի։ Եթե Նիկոլի գարդաշ-յոլդաշները շատ են ցանկանում, թող շուրջ 50 կմ երկարությամբ և մեծ խորությամբ թունել փորեն Սյունիքի տակով՝ Նախիջևանից դեպի Կովսական, եթե իհարկե կարող են։
 
Հակառակ դեպքում՝ պետք է ենթարկվեն մեր մաքսավորի ու սահմանապահի՝ ՀՀ տարածք մուտք գործելու, տարանցման և ելքի համար նախատեսված բոլոր իրավական պահանջներին, ինչպես նաև վճարեն բոլոր տարանցիկ վճարները»։

← Վերադառնալ ցուցակին