Լուրեր
Սրանք վարձու քաղաքական խմբավորումներ են․ պետք է պարզենք՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ պետությունների կամ տրանսազգային կազմակերպությունների կողմից են վարձված․ Արտակ Զաքարյան
07.10.2021
«Ես կարծում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումն այստեղ, մեծ հաշվով, հաշվի չեն էլ առել։ Այսինքն, ուղղակի թռիչքը կատարել են, և վերջ։ Հայաստանը չկա։ Պաշտոնական Երևան, դիմակայություն, պահանջներ ներկայացնել, սեփական օդային տարածքի նկատմամբ իրավական գործիքակազմ կիրառել, որպես այդպիսին, գոյություն չունի», – 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանի կողմից օգտագործելու՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության կողմից Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթն իրականացնելու փաստին։
Արտակ Զաքարյանը շեշտել է, որ այն պարագայում, երբ Թուրքիան տևական ժամանակ է՝ իր օդային տարածքը փակ է պահում Հայաստանի քաղաքացիական ինքնաթիռների համար, ադրբեջանական ինքնաթիռներն ազատ օգտվում են Հայաստանի օդային տարածքից, այնինչ Հայաստանն ունի գերիների չլուծված հարց, սահմանների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորք, իսկ թուրք-ադրբեջանական հոխորտանքներն ու նոր պահանջներն ավելանում են։
«Այն դեպքում, երբ պատերազմի ռիսկերը չեն անցել, ընդհակառակը, ավելացել են, այն դեպքում, երբ Սյունիքի շուրջ կրքերն ավելի են բորբոքվում և տարածաշրջանային բախման կետ կարող են հանդիսանալ, այն դեպքում, երբ Նախիջևանի հետ Ադրբեջանի մնացած տարածքների կապը դեռևս վիճելի կարգավիճակում է, փաստացի, օդային միջանցքն արդեն տրամադրվել է։ Հաջորդաբար խոսքը գնալու է ցամաքային միջանցքի մասին․ դա կլինի երկաթգծային, թե ցամաքային կապ, արդեն քննարկումներն, ըստ էության, գնում են», – ասել է նա։
Արտակ Զաքարյանն անտրամաբանական է համարել ճանապարհների, սահմանների հարցում գոյություն չունեցող Սովետական միության քարտեզներին հղում անելն ու տուրք տալը Ադրբեջանի մերպարանաոց պահանջին, թե որոշակի տարածքներ «իրենն» են։
«Քանի դեռ պետությունների միջև չկա սահմանազատում և սահմանանշում, որևէ պետություն չի կարող ասել՝ սա իմն է, ես պետք է այստեղ տարանցիկ մաքսազերծում իրականացնեմ կամ երբ ուզենամ՝ արգելեմ, երբ ցանկանամ՝ չարգելեմ։ Սրանք արդեն կամայականություններ են, և մեր պետությունն ընդհանրապես որևէ արձագանք կամ որևէ դիմակայություն չունի։ Մեր սուվերեն տարածքում Ադրբեջանի զորքեր են տեղակայված։ Դրա շուրջ որևէ գործողություն, չեմ ասում՝ ռազմական գործողություն, չնայած ռազմական գործողությունն առաջինն էր, որ պետք է իրականացվեր, քաղաքական գործողություն, դիվանագիտական գործողություն, իրավական գործողություն, միջազգային գործիքակազմի կիրառում, գոյություն չունի», – շեշտել է նա։
ՀՀ գործող իշխանությունների այս գործելաոճն ու պահվածքը, երբ թշնամուն ոչ մի դիմակայություն չի ցուցաբերվում, ըստ Զաքարյանի, նրանց ստաձնած բանավոր պարտավորություններից է բխում և գլոբալ ծրագրի իրականացմանն է միտված։
«Չեն անում, որովհետև ունեն բանավոր պայմանավորածություններ, չեն անում, որովհետև սրանք ՀՀ շահերը սպասարկելու համար չեն եկել։ Սրանք վարձու քաղաքական խմբավորումներ են, որոնք, դեռ պետք է պարզենք, Ադրբեջանի՞ կողմից են վարձված, Թուրքիայի՞ կողմից, թե՞ այլ պետությունների կամ տրանսազգային կազմակերպությունների կողմից վարձված և տեխնոլոգիաների միջոցով իշխանության բերված խմբավորումներ են, որոնք պետք է իրականացնեն գլոբալ ծրագրեր՝ ի հաշիվ Հայաստանի հանրապետության, ի հաշիվ Արցախի հանրապետության», – ասել է նա։
henaran.am