Լուրեր

«Սա հերթական խայտառակությունն է». Աննա Մկրտչյանը՝ ՀՀ օդային տարածքն Ադրբեջանի համար բացելու լուրերի մասին

06.10.2021

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համար՝ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթեր կատարելու համար: Մինչդեռ հոկտեմբերի 5-ին Իրանը փակել էր իր օդային տարածքն Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն  էլ այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։

 
 
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադառնալով ՀՀ օդային տարածքն Ադրբեջանին տրամադրելու մասին լուրերին, նկատեց՝ փաստացի Հայաստանը տարածաշրջանում դարձել է ուղղակի վարչատարածքային միավոր, ոչ թե սուբյեկտայնություն ունեցող սուբյեկտ, և երբ ընդդիմությունն այդ մասին բարձրաձայնում է, ասում են, թե չափազանցնում են:
 
 
«Եթե այսօր մենք ունենք միջպետական ճանապարհ, որն ուղղակի զավթված է, որն իշխանությունը փորձում է ներկայացնել՝ որպես սահմանային փոքր միջադեպ, մենք մեր Կառավարությունից այդպես էլ չենք ստացել այն տեղեկատվությունը, որի մասին ասացիք: Այսինքն՝ մեզ համար հիմա ուղղակի տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մեր թշնամական երկրի տրամադրած տեղեկատվությունը, անկախ նրանից՝ դա պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ: Սա հերթական խայտառակությունն է, երևի շարունակությունն այն բանի, որ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլն ուղղակի խուսափեց խոսել այն բանից, որ հայկական պետականությունների դեմ ահաբեկչություն է տեղի ունեցել»,- նշեց Աննա Մկրտչյանը:
 
Ըստ նրա, այս ամենը խոսում է նաև այն մասին, որ Հայաստանում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլև մարդ չկա, ով կցանկանա այդ անվտանգային համակարգն ապահովել:
 
168.am-ի հարցին՝ ՀՀ օդային տարածքն Ադրբեջանի դեմ բացելը չի՞  նշանակում, որ Հայաստանը ներքաշվում է հակաիրանական քայլերի մեջ, քանի որ Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի դեմ, Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ փորձում էր լրացուցիչ անգամ հիմնավորել ինչ-որ արհեստական օրակարգով խնդիրներ, մինչդեռ որևէ մեկը չի պնդել, որ Հաայստանը ներքաշված է հակաիրանական քայլերի մեջ:
 
 
«Մենք Իրանի դեպքում մշտապես խոսել ենք բարձր մակարդակի համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների մասին, փաստորեն մենք այնտեղ ենք հասել, որ մեր բարեկամ և հարևան երկրների հետ հարաբերություններում նրանց երաշխիքներ ենք տալիս: Սա խոսում է այն մասին, թե ինքն ուր է հասցրել հարաբերությունները մեր հարևանների հետ: Նաև խոսում է այն մասին, որ Նիկոլը դրսի խաղացողներին, անկախ այն հանգամանքից՝ մեր բարեկամնե՞րն են, թե՞ թշնամիները, տվել է տարբեր տեսակի խոստումներ, և տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր հերթին սպասում է դրանց կատարմանը»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
 
Զվարթ Խաչատրյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին