Լուրեր
«ՀՀ-ն փաստացի գրեթե գոյություն չունի, կա Արեւելյան Հայաստանի տարածք, որը բնակեցված է հայերով». Էդուարդ Շարմազանով
04.10.2021
«Արեւմուտքը տարածաշրջանում «նայող» է նշանակել Թուրքիային: Դրա վառ օրինակը մենք տեսանք Վրաստանում, երբ արեւմուտքն ամեն կերպ օժանդակում էր Վրաստանին, իսկ այժմ Վրաստանում Թուրքիան ամենաազդեցիկ պետությունն է դարձել: Այս իմաստով, ՀՀ-ն պետք է գիտակցի, որ երկարաժամկետ ռազմավարության մեջ իր անվտանգային ապագան պետք է կապի ՌԴ-ի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարածաշրջանային հանդիպումներին եւ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին: Դրա համար, ըստ նրա, երեք կարեւոր խնդիր պետք է լուծել՝ «ապազգային, կապիտուլյացիա բերած եւ ապաշնորհ իշխանության հեռացում», թե ինչպե՞ս` չգիտի, բայց գտնում է, որ դրա համար նախատեսված բոլոր գործիքները պետք է գործարկվեն, խորացնել ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները՝ բարձրացնելով անվտանգային մակարդակը, էապես վերանայել կրթական համակարգը՝ նախակրթարանից մինչեւ բուհ՝ հստակ ընդգծելով, թե ՀՀ ինչպիսի՞ քաղաքացի եւ պետություն ենք ուզում ունենալ. պետություն, որը զուտ սիմվոլներ ունի, թե՞ 21-րդ դարի ազատ եւ անկախ պետություն: Դիտարկմանը՝ իշխանությունը հայտարարել է՝ կառավարության ծրագրերում էլ ամրագրված է՝ խաղաղ պետությունում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Դա խաղաղություն չէ, դա չորեքթաթ իրավիճակ է եւ Ալիեւ-Փաշինյան, Էրդողան-Փաշինյան հարաբերությունները մուրացկանություն են»: Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանը թուրքական պետությունների ղեկավարներից հանդիպումներ է մուրում, որոնց ի պատասխան ստանում է նոր պահանջներ, օրինակ, ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին: Էդուարդ Շարմազանովի կարծիքով, հավանաբար խոսքը գնում է Սահմանադրության պրիամպուլայի փոփոխության մասին, որտեղ անկախության հռչակագրից փոխանցվել է ցեղասպանության ճանաչման մասը: Համենայնդեպս, Էդուարդ Շարմազանովը չի զարմանա, որ եթե գործող իշխանությունը մնա իշխանության, Ալիեւը կամ Էրդողանը պահանջեն Հայաստանի անունը փոխել Էրմենիստան, «սրանք նորից կլռեն»: