Լուրեր

Փաշինյանի իշխանությունն ական է՝ դրված Հայաստանի Հանրապետության տակ․ պետք է այն վնասազերծել․ Արտակ Զաքարյան

01.10.2021

 Փաշինյանն ինչ ասել է, տեղի է ունեցել հակառակը։ Խաղաղությունը չեն նվիրում, խաղաղության համար կանգնում են, խաղաղությունը ձեռք են բերում, հասնում են խաղաղության։ Պատերազմում պարտվել ենք, ուրեմն խաղաղությո՞ւն է․․․ Մեր թշնամիներն այդպես չեն մտածում, 168TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» Փաշինյանի հայտարարությանը:

 
Զաքարյանը շեշտել է, որ իրական խաղաղությանը պետք է պատրաստվել՝ մինչ այդ ցուցաբերելով քաղաքական կամք, խելամտություն ու կազմակերպվածություն՝ խաղաղությունը ստեղծելու, ապա հզորանալով ամրապնդելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ իրենց «հեռանկարային» ծրագրերն ունեն, որոնց ցանկալի վերջնակետն են համարում Հայաստանի չլինելը։
 
«Քեզ կարող է 3 տարի խաղաղություն տան, 4-րդ տարում այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ այդ խաղաղությունն ընդհանրապես ոչ մի արժեք չունենա։ «Խաղաղության պայմանագրի» անունը չեն դնելու՝ կողմերը որոշեցին, որ անժամկետ խաղաղություն է և այլևս չեն պատերազմելու, ապա՝ ստորագրություններ։ Ո՛չ, խաղաղության պայմանագիրը բազմաթիվ կետերից է բաղկացած լինելու, որտեղ լինելու են Արցախի հետ կապված խնդիրներ, Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ՝ դելիմիտացիա, դեմարկացիա։ Ալիևն էլ ի՛ր պատկերացրած խաղաղությունն է ուզում․ 1 ժամ, 40 րոպե հարցազրույց է տվել», – ընդգծել է Արտակ Զաքարյանը։
 
«Խաղաղության» ալիևյան տարբերակի դեպքում նա կանխատեսելի է համարել նոր պատերազմն ու նոր կորուստները՝ ոչ միայն տարածքային, այլև հնարավորությունների, ռեսուրսների, զարգացման կարողությունների։ Այս պարագայում Հայաստանի իշխանության՝ ենթարկվողի դիրքորոշումը Զաքարյանն անընդունելի է համարել։
 
«Փաշինյանի իշխանությունն այսօր ական է՝ դրված Հայաստանի Հանրապետության տակ։ Եթե մինչև հիմա ական էր՝ դրված Արցախի Հանրապետության տակ, որը պայթեցրեց Արցախը, այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ական է՝ դրված Հայաստանի Հանրապետության պետականության տակ։ Մենք պետք է վնասազերծենք այդ ականը, այսինքն՝ հեռացնենք նրան իշխանությունից, զրկենք բոլոր այն գործիքներից, որոնցով նա քայլ առ քայլ, որոշ տեղերում՝ միտումնավոր, որոշ տեղերում՝ չգիտակցված, անփութության, անհեռատեսության, անսկզբունքայնության պատճառով, համակարգային մոտեցում և հեռահար պատկերացում չունենալու պատճառով, ռազմավարական մտածելակերպ չունենալու պատճառով, անպատրաստ դիլետանտների թիմ ունենալու պատճառով, անհավասարակշիռ հայտարարություններ անելու պատճառով, հասարակությանն անընդհատ խաբելու պատճառով, բոլոր պատճառներով բերեց այս իրավիճակին և իր իշխանությունը կարողանում է ձգել», – ասել է Արտակ Զաքարյանը։
 
168.am

← Վերադառնալ ցուցակին