Լուրեր

Նորմալ է պրեամբուլան. մի օր ել կասեն Հայաստան անունը փոխեք, դրեք Էրմինիստան. Շարմազանով

28.09.2021

Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների։ Վերջինս առաջարկում է նաև Ալիևի հայտարարությունները չխառնել Թուրքիայի հետ՝ «պետք է տարանջատել»։ Բայց դրանք այնքան միահյուսված են, որ Ալիևն իր հին պահանջներին ու նախապայմաններին օրերս ավելացրել է նորը․ ասել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն։

 
«Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ որում, Ալիևը սա կրկնում է․ այս տարվա ապրիլի 13-ին՝  Հարավային Կովկասին վերաբերող Բաքվում անցկացված համաժողովի ժամանակ։
 
Նկատի ունի ՀՀ Սահմանադրության պրեամբուլան․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
 
Խոսքը այստեղ այն մասին է, որ պրեամբուլան հղում է անում ՀՀ անկախության հռչակագրին, որի 11-րդ հոդվածն ամրագրում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ենթադրում ենք, որ Ալիևին գուցե նաև նյարդայնացնում է բուն Սահմանադրության 13-րդ հոդվածը, որն ասում է․ «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։» Ուր Ալիևը նույն՝ Բաքվի կոնֆերանսի ժամանակ խոստացել էր վերադառնալ՝ ասելով։
 
«Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։ Նաև խոստացել է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց ոչ տանկերով։
 
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում խնդրել էինք մեկնաբանել, առաջարկեց չզարմանալ ․ «Քանի դեռ սրանք իշխանություն են, Էրդողանն ու Ալիևը կարող են ասել՝ Հայաստանի անունն էլ փոխեք, գրեք՝ Էրմենիստան, էրիվան։ Բա էս 3 տարի էդ ենք ասում։ Որ ազգակործան իշխանություն է։ Բա որ 3 տարի է, ինչ ասես ասում են, իրենց չեն պատասխանում, պտի ասի՝ Սահմանադրությունն էլ փոխեք, Ցեղասպանությունից էլ հրաժարվեք․․․ եթե մի իշխանություն վախենում է Շուշին ու Հադրութն ասել՝ օկուպացված ու Ալիևի նվաստացումից հետո ՄԱԿ-ում կմկմալով ելույթ է ունենում, ի՞նչ եք ակնկալում։ Ալիևը գլուխը պատովն է տալիս, որ նման բան է ասում։ Բայց թե ինչո՞ւ է ասում։ Ինչո՞ւ առաջ չէր ասում։ Որովհետև այս իշխաոնոթյունն ի զորու չէ ՀՀ պետական ու ազգային շահը պաշտպանել, սա կապիտուլացված իշխանություն է»։
 
Էդուարդ Շարմազանովն ավելացրեց, որ փաստորեն, թուրք-ադրբեջանական նախապայմանների ցանկը գնալով ավելանում է։ Ամփոփելով՝  Շարմազանովն ավելացրեց՝ պրեամբուլան հանեք, վաղն էլ կարող է ասեն ՍԴ որոշումը փոխեք, դրոշը փոխեք, զինանշանը։
 
Հիշեցնենք, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանի արտաքին «նախաձեռնողական կոչվող քաղաքականության արդյունքում մեկնարկա  հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման փորձը այդպես էլ փորձ մնաց, քանի որ այն ժամանակ էլ Թուրքիան էր Ադրբեջանին վերաբերող նախապայմաններ դնում՝ ազատել ՀՀ վերահսկողության տակ շրջանները, ինչի արդյունքում արձանագրութունները նախ սառեցվեցին, ապա հետ կանչվեցին և դրան հետևեց ՍԴ որոշումն այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերակայություն է։
«Սա այն իշխանությունը չէ՞, որ ադրբեջանցիները 1000 զինվորով մտել են մեր երկրի տարածք, ծպտուն չեն հանում։ Իսկ որ ասում ես՝ ասում են՝ ընդդիմադիրները պոպուլիզմով են զբաղվում։ Յա․․․ էդ ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ ե՞ս․․․․էդ ո՞վ էր ասում՝ Արցախի օդը պաշտպանված էր, ո՞վ էր հոկտեմբերի 1-ին ասում՝ մեր Զինված ուժերը հաղթանակի համար հիմք են ստեղծել, ո՞վ էր 44 օր ասում ՝Սարդարապատ ու հաղթելու ենք»։
 
Իսկ ո՞վ էր Թուրքիայի հետ «Ֆուտբոլային դիվանագիտոթյուն» անում ու այդ խաղերի մեկի ժամանակ Արարատ Լեռան պատկերը հանել Հայաստանի հավաքականի մարզաշապիկի վրայից։  
 
Էդ․ Շարմազանով․ «Դա իշխանության հետ կապ չունի, Ֆուտբոլի ֆեդերեցիան ներողություն է խնդրել, ասել, որ դա տեխնիկական պատճառով է։ Ամբողջ «ֆուտբոլային դիվանագիտութան ընթացքում Հայաստանը երբեք իր ազգային շահը, Ցեղասպանության միջազգային  ճանաչումից ոչ միայն չի հրաժարվել, այլև իր օրոք Գերմանիայի նման պետությունը, որը Առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը, ճանաչել է Ցեղասպանությունը, Չեխիան, բազմաթիվ այլ երկրներ։ Կիպրոսը թուրքական ժխտողականության դեմ օրենք է ընդունել։ Եվ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 100-րդ տարելիցին Հայաստան են եկել 100-ից ավելի պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 պետության և ԵԱՀՄ ՄԽ-ի համանախագահ երկու երկրներ։ Եվ 2009 թ․ Ցյուրիխում Հայաստանի արտգործնախարար Էսվարդ Նալբանդյանը թույլ չտվեց, որ Ահմեդ Դավութօղլուն փաստաթղթի պրեամբուլայում մտցնի ԼՂ-ի մասին որևէ հիշատակում, որ կսատարի Ադրբեջանին»։
 
Եվ ամենակարևորը, ըստ Շարմազանովի, նույն հայ-թուրքական քաղաքականության ժամանակ Հայաստանը ինչ-որ բաներ իմանում էր ոչ թե Աբդուլա Գյուլից ու Էրդողանից, այլ Սերժ Սարգսյանից։
 
Անուշ Դաշտենց

hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին