Լուրեր
Աշոտյան. Այս պատերազմի 5 հիմնական պատասխանատուներն են՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան և Արմեն Գրիգորյան
28.09.2021
«Ես պահանջում եմ, որ այս դեպքը մինչև վերջ հետաքննվի, որովհետև հիմա հայտնում եմ բաներ, որոնք, եթե մարդիկ չգիտեն, պետք է իմանան», – «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, որում նշվում է, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը ժամկետանց հրթիռներ է մատակարարել բանակին․ շահագործման ժամկետից դուրս եկած այդ հրթիռների մի մասը չի կրակել և դուրս է հանվել հաշվեկշռից, մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։
Արմեն Աշոտյանը հաստատել է, որ հրթիռների մատակարարման պայմանագիրը կնքվել է 2011 թվականին, սակայն ներկայացրել է նաև այլ փաստեր։
«Այո, իմ տեղեկություններով, այդ հրթիռների մատակարարման պայմանագիրը կնքվել է 2011 թվականին։ Բերվել են հրթիռներ, որոնք դեռ մեր իշխանության ժամանակ հայկական կողմը չի ընդունել՝ որպես իր պատվեր, բայց դրանք ի պահ դրվել են պահեստներում, և ռուսական արտադրողին ասվել է, որ սա խոտան է, և մենք չենք գնում, նորը կտաք։ Հիմա հարց․ իմ ունեցած տեղեկություններով՝ այդ հրթիռները մուտքագրվել են, հայկական կողմը դրանք ընդունել է որպես ապրանք՝ 2018-ի աշնանը։ 2018-ի աշնանն ո՞վ էր վարչապետը՝ կհիշեցնե՞ք։ Պաշտպանության նախարարն ո՞վ էր։ Ես պնդում եմ, որ այս գործը մինչև վերջ հետաքննեն և բացահայտեն, թե ո՛ւմ հրամանով և ո՛ւմ օրոք հայկական կողմն այդ ապրանքը, որը Սերժ Սարգսյանի ժամանակ չի ընդունվել, որովհետև բացահայտվել է, որ լավը չէ, ընդունել է որպես մատակարարման արդյունք», – ասել է նա։
Արմեն Աշոտյանը ԱԱԾ-ի այս հայտարարությունը պատերազմի տարելիցին Նիկոլ Փաշինյանին մատուցած նվեր է որակել։
«ԱԱԾ-ն, իր կարծիքով, Նիկոլի համար սեպտեմբերի 27-ին նվե՞ր էր պահել՝ հանրային ուշադրությունը շեղելու և պատերազմը նախկինները «գրպանը գցելու» համար։ Չեք ամաչու՞մ, տղե՛րք։ Այսքան սխալ բան եք արել, սեպտեմբերի 27-ի համար էլ Նիկոլին նվե՞ր եք մատուցում՝ կեղծիք ու սու՞տ», – նշել է նա։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել՝ ասելով, որ 2020 թվականի պատերազմի հիմնական պատասխանատուները 5 հոգի են։
«Այս պատերազմի 5 հիմնական պատասխանատուներն են՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան և Արմեն Գրիգորյան։ Այս պատերազմի պատասխանատուները, Եռաբլուրում բազմացած գերեզմանախորշերի հիմնական պատասխանատուները՝ քաղաքական ու ռազմական իմաստով, այս 5 մարդիկ են։ Այս զուլումը մեր տուն բերած պատասխանատուներն այս 5 հոգին են», – ասել է նա։