Լուրեր
Ինչո՞ւ բազմազավակ ծնողները չեն ստացել 100 հազար դրամ. Աննա Մկրտչյանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքը
24.09.2021
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ իրեն դիմել են բազմազավակ ընտանիքի ծնողներ և ասել, որ դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ փառքի մեդալ ստացած բազմազավակ ծնողները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 հազար դրամ։
«Այժմ այդ ծնողներն ամեն ամիս գնում են համապատասխան մարմիններ, վարչություններ, կազմակերպություններ, որպեսզի ստանան այդ գումարը, սակայն բոլոր տեղերից նրանց հետ են ուղարկում՝ հուսադրելով, որ հաջորդ ամսվանից կստանան։ Ծնողների դիմումը ստանալուց հետո ՀՀԿ հանրային ուսումնասիրության փորձագետների միջոցով փորձեցինք հասկանալ, թե ինչն է խնդիրը, արդյո՞ք միջին օղակներում կան ստեղծված արհեստական խոչընդոտներ, որը ծնողներին պարզապես թույլ չի տալիս այդ գումարները ստանալ։ Սակայն իրականությունն այլ էր. պարզվում է՝ 2019 թվականի դեկտեմբերին Փաշինյանի հայտարարությունը, որ 100 հազար դրամ գումար պետք է ստանային բազմազավակ ծնողները, ըստ էության եղել է հերթական սուտն ու կեղծիքը»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, 2019 թվականին տրված այդ խոստումը պետք է իրականացվեր 2020 թվականի ապրիլից, սակայն համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելիս պարզապես այդ հարցը շրջանցել են, որպեսզի հետագայում հայտարարեն, թե նախագծի ընդունումը հետաձգվել է։
«Ծնողներին խաբել են, թե՝ այ, հաջորդ ամսվանից դուք ձեր գումարը կստանաք, ծնողներն էլ մտածել են, թե խնդիրն այդ կառույցում նստած վարչության պետի մեջ է։ Մինչդեռ սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է, այսօր արդեն 2021 թվականի սեպտեմբերն է, այս մարդիկ դեռ շարունակում են սպասել ու հույս ունենալ, որ կառավարության այդ որոշման կամ օրենքի նախագիծը գոյություն ունի»,- փոխանցեց Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Զվարթ Խաչատրյան
168.am