Լուրեր
Կա՞ պայքարի ցանկություն. պատասխանը պետք է տա մոտ 2 միլիոն ՀՀ այն քաղաքացին, որ մի կողմ քաշված նայել է, թե ինչպես է քաղաքական քաղցկեղը ներսից քայքայում մեր երկիրը. Եսայան
23.09.2021
Ազգային ժողովի ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կա՞ պայքարի ցանկություն
Այսօր շատերս ենք հարց տալիս՝ կա՞ մեր երկրում պայքարի ցանկություն, կա՞ն մարդիկ, որ պատրաստ են դուրս գալ ընդդեմ բռնապետության, ընդդեմ թուրքացման և ընդդեմ երկիրը ներսից զավթածների։Հարցը դեռ պատասխան չունի։ Պրակտիկ կյանքում՝ դեռ չունի։ Տեսականորեն, անշուշտ, բոլորս գրում ենք, խոսում ենք, հազար ու մի «հերոսական» ստատուսներ ենք ճպպացնում ՖԲ պատերին, կոչեր, ահազանգեր։ Դրանք , որքան էլ զգացմունքային և որքան էլ հիմնավորված, մնում են զուտ տեսական հարթության մեջ, մնում են թղթի վրա և համակարգիչների էկրաններին։
Իրականության մեջ բոլորս թևաթափ ենք․․․։
Որովհետև, այն ինչ կատարվեց մեկ տարի առաջ և դեռ շարունակվում է, չի տեղավորվում մտածող հանրության տրամաբանության մեջ։ Կատարվեց ամենաանտրամաբանականն ու անբնականը՝ դավաճանությունը, պարտությունը, երկիրը թուրքի առաջ բացելը և պետության անվտանգությունն ու անկախությունը ոչնչացնելը երկիրը ներսից զավթածները մարսեցին, մեկ բաժակ թուրքական թեյի հետ կուլ տվեցին և, անգամ օֆ չարեցին։ Նաև՝ գտնվեց մոտ 600 հազար մարդ, որ նորից գնաց և ընտրեց չարիքի այս գոյացությունը։ Եվ հարցը՝ կա՞ մեր երկրում պայքարի ոգի, կա՞ հանուն անվտանգության և հանուն պետականության պայքարի ցանկություն․․,դեռ անպատասխան է․․։
Ամբողջական պատասխանը պետք է տա մոտ 2 միլիոն ՀՀ այն քաղաքացին, որ չի ընտրել չարիքը, որ չի գնացել ընտրության, որ մի կողմ քաշված նայել է, թե ինչպես է քաղաքական քաղցկեղը ներսից քայքայում մեր երկիրը։
Նրանք են որոշելու՝ ոտքի ելնել և կտրել սրանց մեր հողից, թե՝ բռնել հեռանալու, արտագաղթելու և անհայրենիք դեգերելու անպատվաբեր ճանապարհը։
Եվ այս մարդկանց ոգեշնչելու առաքելությունը դրված է հոգևոր դասի, գիտական աշխարհի, մանկավարժների, քաղաքական նորմալ ուժերի, չպղծված անհատների և մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի կենսունակության վերականգման հավատի վրա։
Յուրաքանչյուրս մեզ հարց տանք՝ պատրա՞ստ ենք կենաց-մահու պայքարի․․․Որովհետև, այլ ճանապարհ չի մնացել․․․»։