Լուրեր
«Լավրովի և օմեգա Միրզոյանի ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը բացառապես կապիտուլյանտի մեղքով է»․ Աշոտյան
31.08.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համաշխարհային դիվանագիտության ալֆա՝ Լավրովի և գործակալական ցանցի օմեգա՝ Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում:
1. Գերիների հարցը
Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝
ա. Ինչո՞ւ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը գերիների փոխանակման մասին:
բ. Ինչո՞ւ գերիների փոխանակման պրոցեսում ավելացավ նոր տարր՝ ականապատված տարածքների քարտեզներ: Չէ՞ որ նման նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար:
գ. Ինչո՞ւ առանց մեր տղաների հարցը լուծելու Ադրբեջանի հետ գնացիք հետագա պայմանավորվածությունների: Չէ՞ որ եթե ինքներդ չեք կարևորել այդ խնդիրը, թշնամին կձգի այնքան, որքան կարող է օգուտով շահարկել այն: Խոսքը գնում է Զանգելանի և Կուբաթլուի տարածքները հանձնելու դեկտեմբերյան «բանավոր» պայմանավորվածության և հունվարի 11-ի «ապաշրջափակող» հայտարարության մասին:
դ. Միջնորդ երկիրը հստակ ընդգծեց, որ ջանքեր չի խնայում այս հարցը կարգավորելու համար, սակայն իր վրա խնդրի կարգավորման պատասխանատվություն չի վերցնելու:
2. Խաղաղ պայմանագրի մասին
ա. Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին հստակ տարանջատեց դելիմիտացիայի հարցը Հայաստան-Ադրբեջան խաղաղ պայմանագրից, երբ առաջին դեպքում ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունը լիակատար աջակցելու, իսկ երկրորդ դեպքում ուղղակի վերահասցեագրեց հարցը օմեգային:
բ. Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու»: