Լուրեր
Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի կիսահրաժարականի մասին. Սահմանադրությունն իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում
13.07.2021
Սահմանադրությունը սեփական շահերի համար իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում: Այս մասին Սահմանադրական դատարանի նիստին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչու է դաշինքը կարծում, որ Փաշինյանն պաշտոնանկությունից հետո պետք է լքեր իր պաշտոնը եւ իրավունք չուներ պաշտոնակատար մնալ:
Գրիգորյանն իր հարցը նախորդեց ժողովրդի կամքի պահանջների, օրինականության պաթետիկ թվարկմամբ:
Հարությունյանը նշեց, որ այն, որ վարչապետ նշանակվում է իշխող կուսակցության կողմից, նախատեսված է Սահմանադրությամբ, բայց իրականում չի փոխում վարչապետի դերը: Վարչապետը կարող է հրաժարական տալ, եւ այդ եպքում խաղի մեջ է մտնում Ազգային ժողովը: Նա կատարեց էքսկուրս դեպի նախորդ Սահմանադրություն, այն կիսանախագահական էր՝ դեպի Ազգային ժողով թեքումով: «Ազգային ժողովը որոշիչ դեր խաղաց վարչապետի ընտրության հարցում: Բովանդակային առումով այնտեղ նույն ձեւակերպումներն են: Պաշտոնաթողությունից հետո նախարարները պաշտոնակատարներ են մնում, բայց՝ ոչ վարչապետը: Քանի որ Սահմանադրությունը հստակ ենթադրում է պաշտոնանկության ինստիտուտի էությունը:
Հրաժարական տալ ու հրաժարական տված համարվելը երկու տարբեր բաներ են: Ոչ մի Սահմանադրություն չէր ենթադրում, որ իրավունքը կարելի է խեղաթյուրել իր շահերից ելնելով: Որ մի մարդ կարող է մանիպուլացնել, հրաժարական տալ, «չընտրվել», հանդիպել կուսակցությունների հետ եւ այլն: Վարչապետը հրաժարական է տալիս, եթե երկիրը վիթխարի կորուստներ է կրում: Կամ երկրում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք վկայում են այն մասին, որ այդ անձն այլեւս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը: Հրաժարական նշանակում է հրաժարում պաշտոնից: Բայց «հրաժարվել եմ, բայց ամբողջությամբ չեմ հրաժարվել եւ մնում եմ պաշտոնակատար», հակասահմանադրական է»,- շեշտեց Հարությունյանը: Նախկին նախարարը շեշտեց, որ դաշինքը ոչ միայն պաշտպանում է տրամաբանությունը, այլ նաեւ՝ օրենքի գերակայությունը:
«Հակառակ դեպքում, նույն հաջողությամբ կարել է ասել, որ եթե վարչապետը ստանում է այլ երկրի քաղաքացիություն, ինչու՞ չշարունակել մնալ իր պաշտոնում: Ի վերջո, նա ժողովրդի ընտրյալն է: Կարելի է ձեր մեջբերած ամբողջ տեքստն ավելացնել դրան: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Սահմանադրության կամքը չի կարելի մեկնաբանվել այս կերպ: Այն, որ վարչապետի հրաժարականն էապես տարբերվում է կաբինետի հրաժարականից, պարզ է: Այլ երկրների օրինակն էլ նույնն է հուշում: Երբ վարչապետը հրաժարական է տալիս, նա լքում է իր պաշտոնը: Փոխվարչապետերի ինստիտուտը մասամբ դրա համար է ստեղծվել»,- ասաց Հարությունյանը:
«Ա, այսինքն, խոսքն օրենքի գերակայությունը պաշտպանության մասին է»,- հեգնանքով նկատեց Գրիգորյանը:
«Վարչապետի հրաժարականի ինստիտուտը չի ստեղծվել իր խելքին փչած պահին Ազգային ժողովը լուծարելու եւ նորը կազմավորելու նպատակով: Իսկ ի՞նչ էր ենթադրում Սահմանադրությունը: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր երկրում, տեղի ունեցավ այն պատճառով, որ վարչապետը փորձեց հրաժարականի գործիքն օգտագործել այլ նպատակների համար: Ազգային ժողովում պետք է տեղի ունենային վարչապետի ընտրություններ: Միայն փակուղային իրավիճակում, եթե ընտրության տարբերակ չկա, սկսվում է երկրորդ գործընթացը՝ համընդհանուր ընտրությունները: Մենք գործ ունեինք արհեստական երեւույթի հետ: Վերադառնանք վերոնշյալ օրինակին: Իսկ եթե վարչապետն օտարերկրյա քաղաքացիություն ստանա, նորի՞ց կասեին, որ նա լեգիտիմ է, իսկ երկիրը կմնա առանց առաջնորդի»,- հարցրեց Դավիթ Հարությունյանը:
news.am