Լուրեր

Մեր գենետիկ հիշողության չիպերը պետք է փոխել. Մարգարիտ Եսայան

06.07.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մեր գենետիկ հիշողության չիպերը պետք է փոխել...
 
Հարց՝ մենք ունե՞նք հայրենիքի զգացողություն․․․։ Պատասխան՝ չունենք, մեր ժողովուրդը հայրենիքի զգացողություն չունի, ունի սեփական պատմության մասին կարկատված տեղեկություններ, իր անցյալի մասին՝ ցեղասպանվողի հիշողություն, սեփական հող ունենալու մասին՝ զրոյական պատկերացում, եւ ինքնապաշտպանական բնազդի իսպառ բացակայություն․․Մեր ժողովուրդը <մոնոլիտ> է, անհատականացված, յուրաքանչյուր անհատ ունի իր սեփական պատկերացումները հայրենիքի, պատմության, իշխանության, ընդդիմության եւ ամեն ինչի մասին․․Մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, անկախ իր կրթական, գենետիկ, դաստիարակվածության, տեղեկացվածության եւ այլ որակներից՝ <գիտունիկ է>, <վարչապետ>, <նախարար>, <գիտնական>,ամեն մեկն ունի իր սեփական անբեկանալի <ճշմարտությունը>։
Մեր ժողովուրդը չի սիրում հաջողակ մարդկանց, հարուստ մարդկանց, եթե այդ հարուստն ու հաջողակը ինքը կամ իր որդին չեն։ Մեր ժողովուրդը չի սիրում ապրել սեփական կյանքով․․Միշտ նայում է, թե ուրիշները ինչպես են ապրում եւ տառապում է, եթե հարեւանը բարեկեցիկ է ապրում, /իմ դարդը քիչ էր, հարեւանս էլ <Մերսեդես >է գնել/։ Մեր ժողովուրդը չի սիրում փոխել իր կյանքը սեփական աշխատանքով, նա միշտ նայում է ուրիշներին,ու եթե այդ ուրիշը նրան ձեռք է մեկնում, անպայման մտքում կա՝ <եթե ինձ էսքան տվեց, ուրեմն ինքը ինչքան շատ ունի> ։ Եւ սկսվում է տվայտվել, ուրիշի հաջողությունը համարելով իր անձնական ողբերգությունը․․․։
 
Ատելություն, նախանձ, անբարյացակամություն․․․,սրանք նիկոլը չի բերել, նիկոլը սրանց վրա լավ մանիպուլացրել է եւ հաջողել․․․Եւ հիմա, երբ խոսվում է արտագաղթի ահագնացող թվերի մասին, դարձյալ պետք չէ ինչ-որ մեկին մեղադրել, <որտեղ հաց, այնտեղ կաց> զազրելի արտահայտությունը տիպիկ մերն է․․Մենք դա ենք, էդ ենք, ոչ ավել-ոչ պակաս․․․։
Հայրենի՞ք, սեփական հողին տեր լինելու եւ շենացնելու ձգտո՞ւմ․․․։Դա ի՞նչ է․․․
Ջո՞ւր չկա, ուրեմն, առաջ դեպի արտերկիր, պատերա՞զմ է, ուրեմն՝ արագ դեպի դուրս, կարկուտ ու քամի է, սուրանք դեպի օտարություն, նիկոլը հողերը ծախե՞լ է, թքած, կարեւորը, ես կուշտ եմ, ու <թուղթերս ալ ներս են> Գրին քարտս կա․․․<Բա ինձ Սրցախը պե՞տք ա>,- լսե՞լ եք, չէ․․․։
Հայրենիքի զգացողություն, սեփական հողում անվտանգ ապրելու, սեփական տունն անվտանգ դարձնելու զրոյացված զգացողություն․․։ Կարեւորը՝ տանս առջեւի մետլախը փոխեցի, ու հարեւանիս դռան առաջը մնաց քանդուքարափ․․։
Եւ դա մեր արյան մեջ է, մենք մորթված եւ մորթվող ժողովուրդ են․․․։Մենք պարծենում ենք, որ թուրքը մեզ մորթել է, վիզներս ծուռ աշխարհի դոշին լաց ենք լինում, բա, չիմացա՞ք, մենք էն մորթված հայերն ենք․․։Ու ոչ մեկը չի փորձում հասկանալ, լավ, բա էդ ինչու մորթեցին։ Այսօր այլեւս լաց էլ չենք լինում, կարծես հպարտ ենք, որ թուրքը մեզ էլի մորթեց եւ դեռ մորթելու է․․․։ Ոչխարային հոգեբանություն․․։
Մենք ոչխարի մսից խաշլամա սիրող ժողովուրդ ենք։
Մենք մեր միսը ուտողն ենք։ Մեր ազգային մենթալիտերը, մեր հոգեկերտվածքը սարսափելի աղավաղված է։
Մենք հիվանդ ենք։ Մենք ծանր հիվանդ ենք․․․Եւ մեր բժիշկը պետք էր ինքներս լինեինք, բայց ավաղ, այդպես էլ չգիտակցեցինք։
 
Հ․Գ․ Եւ ինձ չասեք, բա Նարեկացին, բա Նժդեհը, բա Վիկտոր Համբարձումյանը, բա Շառլը, բա Սպարապետը, բա Մոնթեն, բա մեր մյուս հերոսները, բա մեր 5 հազար եւ ավելի զոհերը,չասեք․․․Բոլոր ժողովուրդներն էլ հրաշալի բացառություններ ունենում են․․․Մերը՝ հատուկ կարգով․․․․Կհարցնեք՝ ելքը ո՞րն է․․․Ելքը մեր հավաքական ինքնապահպանական բնազդների վերակենդանացումն է։ Իսկ դա բարդ գործ է։ Արյան նոր ու թարմ հոսք է անհրաժեշտ․․։Նոր ու թարմ․․․Մեր գենետիկ հիշողության չիպերը պետք է արմատապես փոխել․․․
Մարգարիտ Եսայան 6․07․2021 Երեւան...»:

← Վերադառնալ ցուցակին