Լուրեր

Նույն խաղն են խաղում, ինչ վերջին 3 տարին». Ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը հրավիրվել Քննչական կոմիտե

01.07.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու ընտրությունների օրը Ֆեյսբուքյան իր էջում զինվորական համազգեստով անձանց քվեարկության վերաբերյալ հրապարակման համար:

 
168.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ Քննչական կոմիտեում իրեն մի շարք անհեթեթ հարցեր են տվել. «Մասնավորապես, հարցնում էին, թե ովքե՞ր էին այդ մարդիկ, որոնք զինվորական համազգեստով փորձ էին կատարում քվեարկել, ո՞վ էր իրենց ուղղորդում, ինչո՞վ էր պայմանավորված իմ տված բնորոշումը՝ բանակի մասնակցությանը այդ ընտրախախտումներին: Անհեթեթագույն հարցեր, որոնց հետ կապված տրվել են ստույգ և սպառիչ գնահատականներ»:
 
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, երբ դեռ ընթացքի մեջ էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց այն մասին, որ ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:
 
 «Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի՝ հայտնեմ ևս մեկը:
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զինգրքույկ, ինչը պարտադիր պայման է նման քվեարկության դեպքում:
 
Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:
 
Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:
 
Այսպիսով՝ փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:
 
Հրավիրում եմ դիտորդների և ԶԼՄ-ների ուշադրությունը»,- գրել էր ՀՀԿ փոխնախագահը:
 
 
Այս գրառման համար բացատրություն տալու նպատակով իրեն Քննչական Կոմիտե հրավիրելն Արմեն Աշոտյանը համարում է 3 տարի շարունակվող խաղի մաս. «Նույն խաղն են խաղում, ինչ վերջին 3 տարին. պարզապես պարույրի նոր պտույտ է՝ խայտառակ ընտրություններից հետո ճնշում գործադրելու անիմաստ փորձ: Կանչել մարդկանց, որոնք տալիս են փաստական տվյալներ և տալիս են քաղաքական գնահատականներ, այդ գնահատականների մեկնաբանությունը ստանալու նպատակով անհեթեթ եմ համարում կանչելը, հատկապես, որ հարցերի ճնշող մեծամասնության հասցեատերը ոչ թե ես եմ, այլ ես ինքս պետք է այդ հարցերի պատասխանները պահանջեմ և ակնկալեմ պատկան մարմիններից, եթե Հայաստանում, առհասարակ, հատկապես՝ ընտրություններից հետո, մնալու է որևէ պատկան մարմին»:
 
Արմեն Աշոտյանը ժպտաց ի պատասխան մեր այն հարցի, թե գուցե սա պողպատյա մանդատի գործադրման տիրույթո՞ւմ է:
 
«Ակնհայտ է, որ զանգվածային ընտրախախտումների մասին լրահոսը և փաստական տվյալներն այնքան շատ էին, որ այս կապիտուլյանտ իշխանությունների փորձերը, այսպես ասած՝ ձգել «գայկաները» ընտրություններից հետո՝ ընդդիմախոսների գնահատականների և ակտիվության հետ կապված, պարզապես տապալված են: Ձեր ընթերցողներին ուզում եմ հիշեցնել, որ այս գործով հենց ձեր կայքում իմ նշած ընտրատարածքում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը փաստացի հաստատել է, որ նման միջադեպ է եղել»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
 
Նա հավելեց, որ Քննչական կոմիտե հրավիրվել է մինչև Բրյուսել կատարելիք այցը, պարզապես երկրից բացակայության պատճառով այցելությունը հետաձգվել է հենց այսօրվա համար:
 
168.am

← Վերադառնալ ցուցակին