Լուրեր
Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները» ներսից. Շարմազանով
28.06.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից։
Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին, բայց ամենեւին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։
Մենք մերժեցինք հաղթանակը եւ ընտրեցինք կապիտուլյացիան։
Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն, բայց ընտրեցինք թուրքական հպատակությունը։
Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները» ներսից։
Հասկանում ենք այսքանը , թե՞ ոչ։
Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։
Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը, որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով։
Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։
Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։
Սա է իրականությունը։
Հույս կա՞։ Հույսը միշտ կա։ Դրա համար հավատ է պետք առ Աստված եւ հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» եւ իհարկե սեփական սխալների գիտակցում։
Եվ վերջապես՝ հրաժարում արտագաղթի գաղափարից ։
Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, հայրենիքը այսօր ծանր վիրավոր է եւ մեր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի։
Լքել Հայաստանը, կնշանակի անտեր թողնել մեր Ծնողին։
Ես մնում եմ Հայաստանում ու անելու եմ հնարավորինը նրա ապաքինման համար։
Դժվար է, բայց հնարավոր է:
Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք, ովքեր բողոքում են սեփական հայրենիքից։
Գարեգին Նժդեհ»: